Կվերանայվեն Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի հեռանկարները

12:30 • 02.04.12

Ապրիլի վերջին տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի ու Բուլղարիայի տրանսպորտի նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն կառուցվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հեռանկարները: Այս մասին այսօր Բուլղարիայի տրանսպորտի, ենթակառուցվածքների ու տեխնիկական հաղորդակցության նախարար Իվայլո Մոսկովսկու հետ հանդիպումից հետո ասել է Վրաստանի ենթակառուցվածքների ու տարածաշրջանային քաղաքականության նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին:

«Մենք պայմանավորվեցինք հանդիպման մասին, որի ժամանակ կքննարկենք տարածաշրջանի տրանսպորտային հեռանկարները, առաջին հերթին` երկաթուղով բեռների հոսքը», - հայտնել է նա:

Նիկոլաիշվիլին ընդգծել է, որ երկաթգիծը տարածաշրջանի երկրների համար մեծ նշանակություն ունի, այն թույլ կտա մեծացնել Եվրոպայից տրանսպորտային հոսքն Ասիա:

«2013-ին` Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումից հետո, այդ գիծը կարելի է լիովին բեռնել»,- ասել է նախարարը:

Երկաթգծի 76 կմ-ն կանցնի Թուրքիայի, 29 կմ-ն` Վրաստանի տարածքով: 2013 թ. շահագործվող երկաթուղու բեռնափոխադրումը կկազմի տարեկան 17 մլն տոննա: Սկզբնական փուլում այս ցուցանիշը կլինի 6.5 մլն տոննա:

2007 թ.-ին Ադրբեջանը Վրաստանին 200 մլն դոլարի չափով վարկ էր տրամադրել շինարարության ֆինանսավորման ու երկաթգծի վրացական մասի վերականգնման համար: Հետագայում տրամադրվեց ևս մեկ վարկ` 575 մլն դոլարի չափով, 25 տարով` տարեկան 5 % տոկոսադրույքով: Վարկը կմարվի երկաթգծի շահագործումից ստացված գումարներով: