Կարմիր կովն իր կաշին չի փոխում. Նաիրա Զոհրաբյանն ադրբեջանցի քաղգործիչների մասին

17:06 • 02.04.12

Բաքվում անցկացվող՝Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հանձնաժողովի նիստում ունեցած ելույթում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կրկին խոսել է «ադրբեջանական 20% գրավյալ տարածքների», հայերի կողմից իրականացված «էթնիկ զտումների» և մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների մասին։
Սա, ըստ նիստին մասնակցող հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, խոսում է այն մասին, որը ադրբեջանցիները հավատարիմ են մնում իրենց սովորույթին և յուրաքանչյուր հարթակ օգտագործում են այսպիսի հարցը բարձրացնելու համար։

«Եվ հայկական կողմի լավատեսությունը, որ Էներգետիկ և Տնտեսական հանձնաժողովների նիստերում ադրբեջանական պատվիրակությունն իրեն տարօրինակորեն կոռեկտ էր պահում և չփորձեց փաստերն ու իրականությունը խեղաթյուրել, շատ կարճ տևեց»,- Tert.am –ին ասաց Բաքվում գտնվող հայկակական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով հանգել է հայ ժողովրդական առածի ճշմարտացիությանը, որ «կարմիր կովն իր կաշին չի փոխում»:

Նշենք, որ ավելի վաղ Նարիա Զոհրաբյան Բաքվից հաղորդում էր, որ առաջին տպավորությամբ ադրբեջանական կողմն այս անգամ որոշել է ձեռնպահ մնալ իր մշտական աշխատաոճից՝ «իրենց դեմագոգիկ ու մշտական «լոլոներից»:

Հայկական պատվիրակությունից Էլմար Մամեդյարովին պատասխանել են Նաիրա Զոհրաբյանը և «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը: Նաիրա Զոհրաբյանը նախ հայտարարել է, որ հայկակական պատվիրակության անդամների «պոզիտիվ զարմանքը» առ այն, որ այս անգամ ադրբեջանցիների կողմից պատմական փաստերն ու իրողությունները չեն խեղաթյուրվում, շատ կարճ է տևել:

«Եվ հիմա Դուք ասյտեղ, պարոն արտգործնախարար, հերթական անգամ խայտառակ կերպով խեղաթյուրեցիք փաստերը: Այն, ինչ Դուք անվանում եք «օկուպացիա» կամ այն, ինչ Ձեզ համար օկուպացիա է, միջազգային իրավունքի նորմերով համարվում է ազգերի ինքնորոշման իրավունք , և ԼՂՀ ժողովուրդը օգտվել է ինքնորոշման իր իրավունքից»,– Բաքվում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք տալիս ենք միջազգային իրավունքից բխող գնահատական: Իսկ ինչ վերաբերում է «օկուպացիային, ապա պարոն արտգործնախարար, մեզ ընդամենը մեկ օկուպացիա է հայտնի, դա Ադրբեջանի կողմից Շահումյանի ու Մարտակերտի օկուպացիան է»,-ավելացրել է Նաիրա Զոհրաբյանը:

«Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը ևս ընդգծել է, որ միջազգային իրավունքի նորմերում առանցքային նշանակություն ունի ազգերի ինքնորոշման իրավունքը:

Ինչպես հաղորդում են Բաքվից, Էլմար Մամամեդյարովը փորձել է արագ փակել Միլի Մեջլիսի ամբիոնից ծավալված վեճը՝ ասելով, որ դա նորություն չէ:

Եվրանեսթի Քաղաքական հանձնաժողովի նիստ օրակարգում ներառված հարցերի թվում են «Արևելյան գործընկերության» երկրներում ժողովրդավարության զարգացումը , հետագա խնդիրները և քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրները: