Թռչուններին, կենսաբազմազանությանը նվիրված ցուցահանդես ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում

15:40 • 02.04.12

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց թռչունների պաշտպանության օրվան և ՄԱԿ-ի կենսաբազմազանության տասնամյակին նվիրված ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության նախաձեռնությանը մասնակցում էին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները: Նրանց աշխատանքների հիմքում բնությունն էր, մասնավորապես, թռչունները՝ դիազայներական և դեկորատիվ լուծումներով:

Ուսանողները ներկայացրեցին ավելի քան 50 աշխատանքներ, ներառյալ՝ գրաֆիկա, նկարներ, բատիկա, վիդեոարտ, պոպարտ, դեկորատիվ կիրառական և գրաֆիկական աշխատանքներ: Գեղարվետի գործերից զատ դիզայներ ուսանողները նաև թեմայի շրջանակներում թռչուններ հիշեցնող զգեստների ցուցադրություն նույնպես անցկացրեցին:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, նշեց, որ ցուցահանդեսի նպատակն էր՝ բարձրացնել հանրային իրազեկվածությունը թռչունների և կենսաբազմազանության պաշտպանության վերաբերյալ:

«Մեզ համար հաճելի է, որ ուսանողները թռչուններով ոգեշնչված նման գեղեցիկ աշխատանք են կատարել: Հայաստանի իշխանությունները մեծ ջանքներ են գործադրում՝ պահպանելու շրջակա միջավայրը, իսկ այս ցուցահանդեսը ոչ միայն ընդգծում է, թե ինչպես է երիտասարդ սերունդը հասկանում կենսաբազմազանության կարևորությունը, այլ նաև կոչ է անում՝ պաշտպանելու Հայաստանի և մեր երկրագնդի հարուստ կենդանական և բուսական աշխարհի բազմազանությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի դռները միշտ բաց են ակտիվ երիտասարդների համար:

Մարիա Դոցենկոն հիշեցրեց, որ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետությունների շարքում առաջիններից է եղել, ոըն ստորագրել է ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիան 1992թ-ին:

Ցուցահանդեսին ոչ բոլորը կարող են մասնակցել՝ ելնելով գրասենյակ մուտք գործելու կանոններից: