Ադրբեջանն օտարերկրյա հատուկ ծառայությունների օգնության կարիքը չունի՞

12:11 • 02.04.12

Պաշտոնական Բաքուն անհիմն է համարում օտարերկրյա որոշ լրատվամիջոցների տարածած լուրերն այն մասին, թե երկրում «Եվրատեսիլ- 2012» երգի մրցույթի անվտանգությունը կապահովի իսրայելական հետախուզությունը` Մոսսադը:

«Ադրբեջանն օտարերկրյա հատուկ ծառայությունների օգնության կարիքը չունի, այդ թվում` Իսրայելի: «Եվրատեսիլ-2012» -ի անցկացման ժամանակ անվտանգությունը կապահովեն Ադրբեջանի հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմինները», - Trend-ին ասել է նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովը` հավելելով, որ Ադրբեջանն ունի դրա համար բոլոր հնարավորությունները:

Ըստ նրա` Մոսսադն Ադրբեջանում ոչ մի գաղտնի կամ հատուկ խմբեր չունի:

«Այն բոլոր երկրների հետ, որոնց հետ Ադրբեջանը համագործակցում է, կապերն ու շփումները թափանցիկ են և ուղղված չեն ու չեն լինի որևէ երկրի դեմ, առավել ևս` Իրանի», - ասել է Հասանովը:

Մրցույթի կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 22-ին և 24-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 26-ին: