Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել` գրագողության պատճառով
Հունգարիայի նախագահ Պալ Շմիթը հրաժարական է տվել: Նման հայտարարությամբ նա այսօր հանդես է եկել խորհդարանականների առջև, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
«Հունգարիայի Սահմանադրության համաձայն` նախագահը պետք է խորհրդանշի ազգի միասնությունը: Ներկա իրավիճակում, երբ իմ անձնական խնդիրները չեն միավորում ժողովրդին, իմ պարտքն է դադարեցնել ազգին ծառայելն ու լքել երկրի առաջնորդի պաշտոնը», - ասել է նա:
Պաշտոնից հրաժարվելու պատճառը նրա դեմ գրագողության մեղադրանքներն են: Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, նա 1992 թվականին թեկնածուական դիսերտացիա գրելիս արտագրել է այլ գիտնականի աշխատանքը:
Բուդապեշտի համալսարանի ղեկավարության որոշմամբ` մարտի 29-ին նա զրկվել էր գիտական աստիճանից:
Շմիթը պաշտոնը լքելու մասին հայտարարել է չնայած նրան, որ դեռ մարտի 30-ին հայտնել էր, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը, քանի որ չի տեսնում նախագահական պաշտոնի ու 20 տարի առաջ գրված գիտական աշխատանի միջև կապ:









