Մաշտոցի այգում շարունակվում են բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

16:47 • 02.04.12

Մաշտոցի այգում շարունակվում են բարեկարգման աշխատանքները. քանդվում են այգում եղած երկաթբետոնե նախկին սալիկները, որպեսզի փոխարինվեն նորերով:

Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր տեղադրվելիք սալիկներն ավելի անորակ են, քան հներն են եղել:

«Նշեմ նաև, որ այդ խողովակները, որ բերել են ջրամատակարաման համար, դրանք էլ ամբողջովին ժանգոտված և հին խողովակներ են։ Մենք նկարել ենք և ունենք փաստեր»,- ասաց Մարիամ Սուխուդյանը:

Անդրադառնալով այգում տեղադրված կրպակների դեմ ձևավորված քաղաքացիական շարժմանը, ակտիվիստն ասաց, որ չնայած վրանի բացակայությանը այգում գիշերում է 30-35 մարդ։

«Մենք չենք ուզում շատ մարդ մնա, քանի որ ցերեկները նրանց համար ավելի դժվար կլինի: Մենք նաև դրամահավաք ենք կազմակերպել և փորձում ենք հավաքված դրամի օգնությամբ հոգ տանել ակցիայի մասնակիցների կենցաղային պայմանները»,- ասաց Մարիամ Սուխուդյանը:

Բնապահպաններից բացի այգում են նաև «կրպակներն ապամոնտաժող» խումբը, որոնք հասարակական լայն շերտին ծանոթ մարդիկ են` գրողներ, իրավաբաններ, լրագրողներ, արևստագետներ:

Նրանք պտտվում են կրպակների շուրջը, որպեսզի կարողանան ներս մտնել և ապամոնտաժել կրպակը, սակայն ինչպես առաջին և երկրորդ օրը, այս անգամ էլ նրանց վերահսկում են ՀՀ ոստիկանության աշխատակիցները` հատուկ համազգեստներով:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքաետ Տարոն Մարգարյանը` Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո հայտարարեց, որ Աբովյան փողոցում գտնվող կրպակներն ապամոնտաժվելու են:Այդ կրպակներն ապամոնտաժվելուց հետո տեղադրվեցին Երևանի Մարգարյան ծննդատան հարակից այգում:

Այգում կրպակների տեղադրմանը դեմ արտահայտվեցին բնապահպան ակտիվիստները, ավելի ուշ նրանց միացան տարբեր բնագավառների՝ այդ թվում քաղաքական, մշակույթային ոլորտի հայտնիներ։