Քաղաքական գովազդի ամենամեծ հնարավորությունն ունի հեռուստատեսությունը. Բորիս Նավասարդյան

14:20 • 02.04.12

Մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ զանգվածային լրատվամիջոցներից քաղաքական գովազդի համար ամենամեծ հնարավորությունն ունեն հեռուստաալիքները, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի մամուլի ակումբի ախագահ Բորիս Նավասարդյանը, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ լրատվության դերին։

«Ամենատարածված սփռում ունի հեռուստատեսությունը, և դա շատ լայն է օգտագործվելու, ինչպես նախկինում: Պետք է նշել, որ արդեն իսկ լայն զարգացում ապրած էլեկտրոնային լրատվամիջոցները նույնպես կկիրառվեն»,- ասաց նա։

Բորիս Նավասարդյանը նշեց, որ ընտրություններից առաջ պետք է տարբերակել, թե որն է քաղաքական գովազդ, և որն է պարզապես լուրը: Նրա կարծիքով՝ գալիք ընտրությունների ժամանակ զանգվածային լրատվության միջոցներն այս անգամ ավելի գրագետ կկիրռավեն. «Ես մաղթում եմ, և ցանկանում եմ, որ առաջիկա քարոզարշավի ժամանակ գրագետ քաղաքական պայքար տեսնենք»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Հասարակության հետ կապերի հայաստանյան (ԱՊՌԱ) ասոցիացիայի փորձագետ Արմեն Մինասյանն իր հերթին ասաց, որ ընտրական գործընթացի ժամանակ զանգվածային լրատվության միջոցները շատ կարևոր դեր ունեն, քանի որ ընտրողների մեծ մասը կողմնորոշվում է հենց դրանց շնորհիվ։

«Պետք է նշել, որ լրատվամիջոցները շատ մեծ դեր ունեն հասարակությանն ուղղորդելու հարցում: Հասարակությունը` բուն ընտրողը, ինքը տեղեկանում և որոշում է այս կամ այն ուժին ընտրել լրատվամիջոցների շնորհիվ: Լրատվամիջոցների շնորհիվ է ընտրողը լսում ծրագրերը, խոստումները և այլ նման բաները»,-ասաց Արմեն Մինասյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Պաշտոնական քարոզարշավը կսկսվի ապրիլի 8-ից: