Վաղվանից կներդրվի ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման–քննական նոր համակարգ

12:47 • 02.04.12

Վաղվանից՝ ապրիլի 3-ից կներդրվի Ճանապարհային ոստիկանության` քաղաքացիների ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման–քննական նոր համակարգ, ինչի կապակցությամբ այսօր մայրաքաղաքի Գաջագործների 26 հասցեում բացվեց ՃՈ քաղաքացիների ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման–քննական Երևանի ստորաբաժանման՝ (հանրությանը ավելի շատ հայտնի որպես ՄՌՕ) նոր շենքը:

Այսօր առավոտյան այստեղ այցելած նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանապետ Վլադմիր Գասպարյանի հետ շրջեց ՃՈ ստորաբաժանման նոր շենքում, ծանոթացավ ներդված նոր համակարգին:

Հիշեցնենք, որ նախկինում քաղաքացիների ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման–քննական Երևանի ստորաբաժանումները երեքն էին, իսկ այժմ՝ մեկը, որի բակում կառուցված հրապարակը նախատեսված է վարորդական իրավունքի համար դիմած անձանց վարորդական իրավունքների գործնական քննությունների հանձնման համար:

Այսուհետ տրանսպորտային միջոցի՝ մեքենայի գրանցման համար առանձին գործընթաց չի իրականացվի, և գնորդն ու վաճառողը տրանսպորտային միջոցների գրանցման, ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման–քննական նոր գրասենյակ գնալով՝տեղում կարող են ձևակերպել գործարքը՝ մեքենայի սեփականությունը մեկի անունից հանելով և մյուսին գրանցելով: Իսկ տրանսպորտային միջոցի հաշվառման և վարորդական վկայականները կտրվեն անմիջապես՝ սահմանված ընթացակարգերն անցնելուց հետո:

Նոր կարգով՝ ավտոմեքենաների համարանիշների համար այլևս աճուրդներ չեն սահմանվի , և յուրաքանչյուր ոք, ընտրելով համարանիշը և դրա դիմաց վճարելով, կարող է ստանալ մեքենայի «համարները»:

Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ներդրված այս նոր կարգը համարում է ՃՈ լավագույն բարեփոխումներից մեկը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի