Լավրովի հետ հանդիպումը խորհրդանշական բնույթ է կրում. Նալբանդյան

17:11 • 02.04.12

Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առթիվ, այսօր Երևանում համատեղ հայտարարությամբ հանդես եկան երկու երկրների արտաքին գործերի նախարարները:

Նախ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին` հավելելով, որ իրենց հանդիպումները հաճախակի բնույթ են կրում:

«Նախորդ տարի տեղի է ունեցել 10 հանդիպում, իսկ այս տարի սա արդեն չորրորդն է: Սակայն այս հանդիպումն ունի խորհրդանշական բնույթ, քանի որ այս օրերին անցկացվում են մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տոնակատարություններ: 20 տարի առաջ ապրիլի 3-ին մեր երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ` արդեն պետական մակարդակով նոր էջ բացելով երկու ժողովուրդների հարաբերությունների մեջ, որոնք հիմնված են մեր եղբայրական ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամական կապերի վրա», - ասաց Նալբանդյանը:

Նրա խոսքով` 20-ամյակը նշվում է շատ դրական զարգացումների ֆոնին. գոյություն ունի քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, բարձր մակարդակով փոխայցեր են իրականացվում:

«Միայն վերջին 3 տարվա ընթացքում մեր նախագահները հանդիպել են 40 անգամ, իսկ վերջին 2 տարվա ընթացքում կայացել է 2 պետական այց` Ռուսաստանի Դաշնութան նախագահի այցը Հայաստան ու Հայաստանի Հանրապետության նախագահի այցը` ՌԴ: Դրանք մեր դիվանագիտական հարաբերությունների 20 տարվա պատմության մեջ առաջին պետական այցերն էին», - ասաց նախարարը:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` բավական հաջող են աշխատում միջխորհրդարանական հանձնաժողովները, դրականորեն է զարգանում նաև տարածաշրջանային համագործացությունը:

«Նախորդ տարի կազմակերպվել է տարածաշրջանային համագործակցության համաժողով, իսկ այս տարի մենք պատրաստում ենք երկրորդ համաժողովը, որը կկայանա Ռուսաստանում», - ասաց Նալբանդյանը:

Նրա խոսքով` Հայաստանի ու Ռուսաստանի միջև շատ ինտենսիվորեն զարգանում են առևտրատնտեսական հարաբերությունները:

«Այսօր մեր ապրանքաշրջանառությունը հասել է մոտ 1 մլրդ դոլարի, իսկ Հայաստանում ներդրումները կազմում են մոտ 3 մլրդ դոլար», - ասաց նախարարը` ընդգծելով համագործակցությունը նաև հումանիտար ու գիտատեխնիկական ոլորտներում:

Նա գոհունակությամբ նշեց, որ 20 տարվա ընթացքում ձևավորվել է հզոր պոտենցիալ, որը հիմնված է իրավապայմանագրային բազայի վրա:

«Երկու երկրների միջև ստորագրվել է 200 համաձայնագիր: Այսօր հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք այս բոլոր հարցերը և համաձայնեցրել 20-ամյակի առթիվ համատեղ հայտարարության տեքստը, որը ստորագրվել է այսօր»,- ասաց ԱԳ նախարարը: