ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը գրոհած ակցիայի մոտ 500 մասնակից է ձերբակալվել
Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի մոտ երեկ բողոքի ակցիա կազմակերպած խմբի 483 անդամ ձերբակալվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հղում անելով ակցիան նախաձեռնած բելգիական Vredesactie և Action pour la Paix խաղաղասիրական կազմակերպությունների ներկայացուցչին:
Նա նշել է, որ Եվրոպայի 11 երկրներից ժամանած «ՆԱՏՕ, խաղի վերջը» (NATO game over) կոչվող խաղաղ ակցիայի մոտ 800 մասնակիցներից 483-ին ձերբակալել են: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի ցանկապատը անցնելու փորձ կատարել է 500 պացիֆիստ, սակայն հաջողացրել են միայն նրանցից 20-ը: Մյուսներին խանգարել են ոստիկանության ուժեղացված ջոկատները:
Գրոհ կազմակերպած խաղաղասերները մտադրվել էին ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակի դռների վրա փականներ կախել:
«Այս ակցիայով մենք ուզում ենք ՆԱՏՕ-ի` մայիսի 20-21-ին Չիկագոյում գագաթաժողովի են հավաքվող անդամ երկրների նախագահներին ասել. «Մենք Եվրոպայում հակահրթիռային պաշտպանություն չենք ուզում, մենք Լիբիայում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորք չենք ցանկանում, և մենք դեմ ենք վտանգավոր, անօգուտ և անօրինական միջուկային զենքին», - ասել է ակցիայի կազմակերպիչների ներկայացուցիչը:









