Ռուսաստանում վթարված ինքնաթիռում հայեր չկան. ԱԳՆ

09:50 • 02.04.12

Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի Տյումեն քաղաքի մերձակայքում վթարված Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևորների մասին ստացված նախնական տվյալներով հայեր չկան, այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Տյումենի Ռոշչինո օդանավակայանից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա վթարվել է ATR-72 մակնիշի` Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող ինքնաթիռը:

Նախնական տվյալներով զոհվել է ինքնաթիռում եղած 43 անձից 32-ը։ Կենդանի է մնացածների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Զոհերի թվում կան երեխաներ:

Օպերատիվ շտաբում հաղորդել են, որ օդանավի ինքնագրիչ «սև արկղերը» արդեն հայտնաբերվել են: