Արևմուտքի ճնշումները խնդրի լուծում չեն. Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին պետական IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգների կողմից իրանական նավթ ներկրող 11 երկրներին պատժամիջոցներից ազատումը դեռ չի նշանակում, թե արևմտյան երկրները փոխել են իրենց դիրքորոշումն Իրանի նկատմամբ:
«Արևմուտքը կշարունակի ճնշումներն այնքան ժամանակ, մինչ սկսի համարել, որ Իրանը, նախկինի պես, պահպանում է հզորությունը ու դեռ չի հրաժարվի իր միջուկային ծրագրից», - ասել է Սալեհին: Նախարարը հայտնել է, որ Իրանը պետք է իմանա իր թշնամիների ծրագրերի մասին և դիմակայի պատժամիջոցների դեմ:
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ազատում է 11 երկրի` Եվրամիության 10 անդամի (Բելգիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Իսպանիա) ու Ճապոնիային, Իրանի հանդեպ սահմանված խիստ պատժամիջոցներին հետևելուց, քանի որ նրանց հաջողվել է նվազեցնել իրանական նավթի ներկրման ծավալները:
Դեկտեմբերի 31-ին ընդունված որոշման համաձայն` Եվրամիության երկրները մինչ հունիսի 28-ը պետք է ցույց տան, որ «զգալիորեն կրճատել են իրանական նավթի գնման ծավալները»:
Սալեհիի խոսքով` Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկրի համար չնչին խնդիրներ են ստեղծում, սակայն երկիրը կշարունակի իր ուղին:
«Նրանք կպարտվեն, երբ մեր դիմադրությունն առավել հզորանա, սակայն նրանք դեռ չեն հասել այդ կետին»,- ընդգծել է Սալեհին` հավելելով, որ Իրանը կարող է դիմանալ Արևմուտքի ճնշումներին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2006-2010 թթ. ընթացքում 4 անգամ ընդունել է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ` կոչ անելով Թեհրանին դադարեցնել իր միջուկային ծրագիրը:









