Նկատվում է սեյսմիկ ակտիվություն քանակական առումով. Հրաչ Պետրոսյան
Հայաստանում և տարածաշրջանում նկատվում է սեյսմիկ ֆոնի ակտիվություն քանակական առումով, սակայն երկրակեղևից անջատված էներգիայի առումով ֆոնից դուրս ակտիվություն չի նկատվում, այս մասին Tert.am–ին ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչ Պետրոսյանը՝ մեկնաբանելով փաստը, որ Արարատի մարզում վերջին մի քանի օրերին և միայն երեկվանից Հայաստանին սահմանակից թուրքական բնակավայրերում գրանցվող մոտ երկու տասնյակ թույլ մագնիտուդի երկրաշարժեր են գրանցվել։
Համաձայն եվրոպական միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ ապրիլի 1-ի կեսօրից մինչև այսօր միջինը՝ երկու ժամը մեկ պարբերականությամբ տեղի են ունենում թույլ մագնիտուդի երկրաշարժեր կենտրոնական, արևմտյան և արևելյան Թուրքիայում:
Դրանց ընդհանուր թիվը մինչև նյութը պատրաստելու պահը 18 էր: Ըստ որում, եթե արևմտյան Թուրքիայում որպես երկրաշարժերի օջախներ նշվում է Բուրսա քաղաքից 105 կմ հեռավորության բնակավայրից և Թուրքիայի արևմտյան ափը, ապա որպես արևելյան Թուրքիայում գրանցված երկրաշարժերի օջախ նշվում է՝ «Երևանի 147», «Երևանից 211», «Երևանից 165» կիլոմետր հեռավորության վրա գտնվող:
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչ Պետրոսյանը՝ մեկնաբանելով այս հաղորդագրությունները՝ նշեց, որ սա «Վանի օջախն է»:
Նշենք, որ ԱԻՆ մամուլի բաժնից այս առնչությամբ հայտնել էին, որ Վանի երկրաշարժից հետո սա սովորական երևույթ է:
Հրաչ Պետրոսյանը, սակայն, նշում է, որ «չի կարելի ասել, թե հաճախ է լինում, բայց լինում է։ Ըստ նրա՝ սեյսմիկ ակտիվությունը ժամանակ առ ժամանակ բարձրանում և թուլանում է»:
Հարցին, թե արդյոք այս երկրաշարժերի թիվն անհանագստացնող է, վերջինս ասաց, թե այդ տվյալները վերլուծվում են և հավելեց, որ թույլ բալայնության և մագնիտուդի երկրաշարժերի ակտիվությունն ինքնին չպետք է անհանգստացնող լինի:
«Նորմալ է, երբ թույլ երկրաշարժեր են լինում։ Վատ է, երբ ուժեղ երկրաշարժեր են լինում», ասաց Հրաչ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ այս թույլ երկրաշարժերը լիցքաթափում են երկրակեղևը՝ կանխելով առավել ուժեղ երկրաշարժերը:









