Ամերիկան հատուկ կարևորություն է տալիս առաջիկա ընտրություններին. Շևարդնաձե

10:48 • 02.04.12

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն այսօր «բացարձակ օրինաչափ» է անվանել ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական Ջիմ ՄաքԴերմոթի` Վրաստանին ֆինանսական օգնությունը դադարեցնելու պահանջը:

Կոնգրեսականը օրենսդիր մարմնին ներկայացված օրինագծով պահանջում է հետաքննություն անցկացնել, թե ինչպես և ինչի համար է Վրաստանը ծախսել երկրում ժողովրդավարացման ինստիտուտների զարգացմանն ուղղված հատկացումները: Օրինագծով նախատեսվում է դադարեցնել ֆինանսական օգնությունը, եթե աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները ոչ ժողովրդավար ճանաչվեն:

«Ոչ ժողովրդավար Վրաստանն ԱՄՆ-ի համար անհետաքրքիր կլինի, այդ իսկ պատճառով Ամերիկան հատուկ կարևորություն է տալիս առաջիկա ընտրություններին», - «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում ասել է նախկին նախագահը` հավելելով, որ ամերիկացի դիվանագետները երբեք նման ակնհայտ կերպով չեն քննադատել Վրաստանին:

Ըստ նրա` վրացական իշխանությունների կողմից ընտրությունների կեղծման բոլոր ճանապարհները փակ են:

«Այլևս ոչ ոք այս ամենի վրա աչք չի փակի»,- ասել է Շևարդնաձեն:

Վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ն Վրաստանին հատկացրել է մինչև 3 մլրդ դոլար ֆինանսական օգնություն: