«Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» դաշինքը նախընտրական միավոր չէ. Կուսակցությունների ներկայացուցիչներ
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի խոսքով իրենց և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության դաշինքը զուտ նախընտրկանա միավոր չէ:
«Միասնական ցուցակը մեկ նպատակ ուներ` գաղափարաքաղաքական հենքի վրա ձևավորել միավոր, որտեղ կան քաղաքական գործիչներ և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Դաշինքը ոչ թե նախընտրական միավոր է, այլ ունի ծրագիր հետագա համագործակցության համար, որով կարողանանք անել իշխանափոխություն Հայաստանում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նույն կարծիքն արտահայտեց նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը։
«Սա ոչ թե իրավիճակային համախմբում է, այլ երկարատև համագործակցության սկիզբ: Սա հեռանկարային թիմ է, որը հստակ գիտի իր անելիքը»,- նշեց նա` ավելացնելով, որ առաջին անգամ է, երբ խորհրդարանական ընտրություներից առաջ ձևավորվում է միավորում:
«Ազատ դեմոկրատների» անդամ Կարապետ Ռուբինյանն էլ, նշեց, որ հասարակական սեկտորին կուսակցությունը անհատական հրավերներ է ուղարկել անդամագրվելու համար, մասնավորապես իրեն:
Նա նշեց, որ իր համար ազատականացման գաղափարն էր կարևոր, ինչը կա դաշինքում:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրենց նախընտրական ծրագրում նույն մոտեցումներ են որդեգրվում հայ-թուրքական, ԼՂ և մարդու իրավունքների հարցերում: Բացի այդ իրենց նպատակներից է ներկայիս կիսանախագահական պետական կառավարման համակարգից, անցում կատարել պառլամենտականի:
Հարցին` ինչու դաշինքը «Ժառանգության» անվանումով հանդես եկավ, Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ եթե ընտրություններից առաջ նոր անուն ընտրվեր, ավելի դժվար կլիներ ճանաչելի դարձնել ողջ հանրապետությունով:









