Շվեյցարիան Բաղըշի դեմ դատական գործ չի հարուցի
Թուրքիայի ԵՄ հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի առաջ չի կանգնի:
Ինչպես տեղեկացնում է Milliyet-ը, նախնական հետաքննության արդյունքնում պարզվել է, որ Բաղըշը Շվեյցարիայում գտնվելու ընթացքում դիվանագիտական անձեռնմխելիություն է ունեցել և նրա դեմ դատական գործ սկսել հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ Ցյուրիխի գլխավոր դատախազը դիմել է Շվեյցարիայի արտգործնախարարություն` պարզելու համար արդյոք Բաղըշն ունեցե՞լ է դիվանագիտական անձեռնմխելիություն:
Երեկ այս կապակցությամբ դատախազության ներկայացուցիչը մամուլի ասուլիս է տվել:
«Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը 2012 թվականի հունվարի 30-ի հայտարարությունները տեղ են գտել թե մամուլում, թե հեռուստաընկերությունների եթերում: Շվեյցարիայի արտգործնախարարությանն արված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Էգեմեն Բաղըշն այդ հայտարարությունն անելու ընթացքում դիվանագիտական անձեռնմխելիություն է ունեցել, ուստի դատական գործ սկսել հնարավոր չէ», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական ֆորումի ընթացքում Էգեմեն Բաղըշը հայտարարել էր. «1915 թ.-ին Հայոց ցեղասպանություն չի եղել, թող գան ու ինձ ձերբակալեն»: Այդ հայտարարությունից հետո` փետրվարի 6-ին, Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն էր սկսել:
Տեղեկություն էր տարածվել այն մասին, որ թուրք նախարարը ջանքեր չի խնայում` որ «անձեռնմխելիություն ունենալու» մասին որոշում կայացվի:









