Մանկագիրների պակաս չկա, բայց «Ծիտիկ-ծիտիկ»-ի շրջանակներից դուրս չենք գալիս. մանկագիր

18:28 • 03.04.12

Հայաստանում այսօր մանկագիրների պակաս չկա, մանկական գրքի միջազգային օրվա առիթով այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաստատեցին մանկագիրներ Լիպարիտ Սարգսյանը և Երվանդ Պետրոսյանը:

«Այսօրվա դրությամբ մեր մանկագրությունը վատ վիճակում չէ, մեր մտահոգությունը վաղվա համար է, որ մեզ փոխարինողներ չեն լինի»,-ասաց Երվանդ Պետրոսյանը:

Սակայն մյուս կողմից էլ նա նկատեց, որ չի պատկերացնում, որ լինեն երիտասարդ մանկագիրներ։
Լիպարիտ Սարգսյանն ասաց, որ ինքը երիտասարդ տարիքում գրում էր, սակայն եղավ մի պահ, որ ընդմիջեց, իսկ շարունակեց նոր ոգևորությամբ գրել, երբ արդեն երեխաներ, ապա նաև թոռնիկներ ունեցավ: «Երևի բանաստեղծություներից մեծ մասը երեխաներիս ու թոռներիս ծլվլոցից եմ վերցնում»,- ասաց նա:

Ըստ գրողների՝ թեև մանկագիրների պակաս Հայաստանում չկա, բայց չենք էլ դուրս գալիս «Ծիտիկ-ծիտիկ»-ի շրջանակներից: Երվանդ Պետրոսյանի խոսքով՝ երեխաներին բանաստեղծություն հարցնելիս նրանք անմիջապես արտասանում են «Ծիտիկ-ծիտիկ»–ը կամ նման մի քանի այլ բաստեղծություններ, քանի որ նման բանաստեղծությունները մի դասագրքից անցնում են մյուսը:

«Մանկական գրքերի հեղինակնները առանց տեսնելու նոր հեղինակների աշխատանքները, շարունակում են հինն օգտագործել»,- ասաց նա:

Մանկագիրները խոստովանում են, որ միջին տարիքի երեխաների համար նոր գրականության պակաս կա, քանի որ, ըստ նրանց, այդ տարիքի համար դժվար է գրել:

«Միջին տարիքի երեխաների մասին իսկապես բավականաչափ գրականություն չկա: Վերջերս լույս տեսավ միջին տարիքի երեխաների համար՝ «Անցողիկ հասակ» վերնագրով պատմվածքների գիրքը»,- մտաբերեց Լիպարիտ Սարգսյանը, սակայն դրան զուգահեռ վելացրեց, որ եթե չենք ուզում տեսնել, դա չի նշանակում, թե չունենք:

Հեղինակների համար այսօր դժվար է նաև նոր գրքեր հրատարակելը: Լիպարիտ Սարգսյանը նշեց, որ հրատարակվում են, սակայն չափազանց քիչ տպաքանակով:

«Հինգ հարյուր օրինակ գիրքը ինչ պետք է տա: Խորհրդային տարիներին ամենցածր տպաքանակը հասնում էր 10.000–ի»,- ասաց նա և նկատեց, որ այսօր մարզերում գրախանութներ չկան, գրադարանները նոր լույս տեսնող գրքերով չեն հարստանում:

Լիպարիտ Սարգսյանը հույս հայտնեց, որ այս տարի տպագրության 500-ամյա հոբելյանի առիթով նման հարցերին պետական լուծում կտրվեն: