Քլինթոնը հրաժարվում է մասնակցել Օբամայի ընտրարշավին

10:13 • 03.04.12

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի մասնակցի վերընտրվելու ցանկություն հայտնած գործող նախագահ Բարաք Օբամայի ընտրարշավին: 2008թ.-ին Քլինթոնը եղել է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուներից մեկը, սակայն ընտրարշավի ժամանակ նա հանեց իր թեկնածությունը` կոչ անելով կողմնակիցներին քվեարկել մեծ հեղինակություն վայելող մեկ այլ դեմոկրատ թեկնածուի` Օբամայի օգտին: 2009թ. նա նշանակվեց ԱՄՆ պետաքարտուղար:

Նախկինում Քլինթոնը մի քանի անգամ հայտարարել է, որ այլևս չի ծրագրում իր թեկնածությունն առաջադրել ոչ մի տեսակի ընտրություններում:

«Նախագահի նախկին թեկնածուն չի միանա Օբամայի քարոզարշավին: Սա զարմանալի չէ, քանի որ պետքարտուղարները չեն մասնակցում նախագահների ընտրարշավերին, որպեսզի խուսափեն զբաղեցրած պաշտոնում կուսակցական շահերով առաջնորդվելու և կողմնակալ վերաբերմունք դրսևորելու մեղադրանքներից», - գրել է Hill թերթը` վկայակոչելով իշխանական իր աղբյուրին:

Միևնույն ժամանակ, ըստ թերթի, Քլինթոնը համարվում է Օբամայի վարչակարգի ամենահեղինակավոր չինովնիկը, և նրա մասնակցությունն ընտրարշավին կարող էր առավել մեծ թվով ձայներ ապահովել առաջիկա ընտրություններում:

Սակայն, գործող նախագահի ընտրարշավին մասնակցության ցանկություն է հայտնել Պետքարտուղարի ամուսինը` ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Նախատեսվում է, որ նա կմասնակցի նվազագույնը երեք նախընտրական միջոցառման:

Հիլարի Քլինթոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Օբամայի առաջին նախագահական ժամկետի ավարտից հետո, մտադիր է լքել պաշտոնը և զբաղվել կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությամբ:

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 6-ին: