Կաթողիկոսն ընդունել է գյուղատնտեսության նախարարին
Մարտի 2-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին և նախարարության պաշտոնեությանը` ուղեկցությամբ Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի:
Հանդիպման սկզբում Արտակ եպիսկոպոսը, անդրադառնալով Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և նախարարության միջև արդեն մեկ տարի ձևավորված համագործակցությանը, կարևորեց նոր գյուղատնտեսական տարին Սուրբ Էջմիածնի օրհնությամբ սկսելու նախաձեռնությունը:
Այնուհետև նախարարության պաշտոնեությանն իր օրհնությունը բերեց ամենայն հայոց կաթողիկոսը` կարևորելով ներկաների այցը Մայր աթոռ սուրբ Էջմիածին: Գոհունակությամբ անդրադառնալով եկեղեցու և նախարարության միջև առկա համագործակցությանը` վեհափառ հայրապետն ընդգծեց, որ հայ գյուղացին մշտապես աղոթքով է հերկել իր արտն ու բերքահավաք կատարել` իր կյանքը շաղախելով Աստծու օրհնությամբ: Նորին սրբությունը վստահություն հայտնեց, որ ձևավորված համագործակցությունն իր բարի արգասիքները կտա և կնպաստի ժողովրդի հավատի զորացմանը, օրհնաբեր բարի ավանդույթների վերականգնմանը:
Իր խոսքում վեհափառ հայրապետը նաև նշեց, որ գյուղատնտեսական ոլորտում կատարվող աշխատանքն ազգանվեր ու ազգաշեն գործ է, որը պիտի ուղղված լինի հայ գյուղացու աշխատանքի արդյունավորմանը և այդպիսով` հայրենիքի շենությանն ու բարգավաճմանը: Նորին սրբությունը հորդորեց առավել չափով միջոցներ ձեռնարկել, որ հայ գյուղացու կյանքն ավելի բարելավվի, ուրախությամբ մշակելով հողը` գյուղացին տեսնի իր աշխատանքի պտուղները և կապված մնա իր հողին, ինչը երկրի անվտանգության, զորացման ու առաջընթացի կարևորագույն գրավականներից մեկն է:
Գյուղատնտեսության նախարարն իր և աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց վեհափառ հայրապետին Մայր աթոռի օրհնության և զորակցության համար և մեծապես կարևորեց եկեղեցու հետ գործակցությունը:Նա ներկայացրեց նաև նախարարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ձեռնարկները, արձանագրված արդյունքները և նախանշված ծրագրերը: Նախարարն իր խոսքում նշեց, որ չնայած գյուղատնտեսության ոլորտում արձանագրված առաջընթացին, նախարարությունը չի բավարարվելու ձեռք բերված արդյունքներով, և հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ շարունակվելու է ամեն ջանք ու եռանդ ներդրվել:
Հանդիպման ավարտին վերստին հայրապետական իր գնահատանքն ու օրհնությունը բերելով նախարարին և նախարարության աշխատակազմին` ամենայն հայոց կաթողիկոսը մաղթեց շարունակել ամենայն ջանադրությամբ, նվիրումով և նախանձախնդրությամբ իրենց ծառայությունը մատուցել ժողովրդին և հայրենիքին:









