Կուսակցությունները ներկայացնում են իրենց առաջիկա ծրագրերը կրթության բնագավառում

16:39 • 03.04.12

«Հանուն գիտության և կրթության» հասարակական կազմակերպության այսօր կազմակերպած կլոր սեղանի ընթացքում խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցությունները ներկայացրեցին իրենց ծրագրերը կրթության ոլորտում։

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանը, խոսելով կուսակցության կրթական ծրագրերի մասին, հիշեցրեց, որ ՀՅԴ–ն մի կարևոր նախագիծ արդեն հասցրել է կյանքի կոչել:
Ըստ Ռուզան Առաքելյանի՝ խոսքը սահմամերձ կամ լեռնային վայրերում բնակվողներին անվճար կրթության հնարավորություն տվող օրենքի մասին է։ Ըստ այդ օրենքի՝ կրթություն ստանալուց հետո քաղաքացին պարտավորվում է վերդառնալ հայրենի բնակավայր։

«Մենք կարևորում ենք հատկապես մարզերը, որովհետև այստեղ առաջնային խնդիր է մարդկանց զբաղվածությունը: Մենք առաջարկել ենք նոր երկու նախագիծ: Դրանցից առաջինով պետք է բարձրացվի բոլոր նրանց աշխատավարձերը, ովքեր հայտ են ներկայացրել աշխատելու մարզերում կամ արդեն աշխատում են: Իսկ մյուսով՝ բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն աշխատելու մարզերում պետք է ստանան արտոնյալ պայմաններ»,-ասաց նա և հստակեցրեց, որ խոսքը բնակարանային ապահովման և աշխատավարձի հավելավճարի մասին է:

Կլոր սեղանին ներկա էին նաև ներկայացուցիչներ ևս մի քանի քաղաքական կուսակցություններից:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նկատեց, որ իրենց կուսակցությունն արդեն 5 տարի է բարձրաձայնում է, որ կրթական ոլորտը պետք է ապաքաղաքականացվի:

«Օրենքում գրված է, որ ապաքաղաքականացված է, բայց ոլորտի բոլոր բարձրաստիճան ղեկավարները կուսակցական են: Նշանակում է օրենքը խախտվում է»,- ասաց նա:

«Բուհերում անհրաժեշտ է վերականգնել զինվորական ամբիոները և բուհերում պատրաստել սպաներ: ՊՆ-ի հետ ակտիվ համագործակցել: Այնուհետև զարգացնել գիտատար այն ճյուղերը, որոնք կապահովեն ռազմական տեխնիկայի արտադրությունը»,-ասաց Անահիտ Բախշյանը և ավելացրեց, որ իրենք առաջարկում են մինչև 2020թ պետության կողմից կրթությանը տրամադրվող գումարը հասցնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը:

Հայ ազգային կոնգրես դաշինքի ներկայացուցիչ Սամվել Կարապետյանն անդրադարձավ կրթական հաստատությունների ակադեմիական ազատությանը, ինչը, ըստ նրա, այսօր բացակայում է:

«Պետության հիմնական դերը այդ մթնոլորտի ապահովումն է: Անցյալ տարի իրականացավ յոթ ռեկտորների ընտրություն և որևէ տեղ չեղավ մրցակցություն»,- ասաց նա:

Ներկայացնելով ՀԱԿ կրթական ոլորտին վերաբերող ծրագրերը, նա հատկապես առանձնացրեց միասնական քնությունների վերացումը, որը, ըստ նրա, ձախողված է:

Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Սուքիասյանն ասաց, որ ՀՀԿ-ն առաջիկայում մեծ ուշադրություն է դարձնելու բարձրագույն կրթության մատչելիությանը, գիտելիքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Մանուկյանը, լրացնելով իր գործընկերներին, նշեց, որ ուսանողներին պետք է տրամադրել երկարաժամկետ ցածր տոկոսադրույքներով վարկեր:

«Մենք կողմնակից ենք նրան, որ պետք է քայլեր ձեռնարկվեն այն ուղղությամբ, որ արտասահմանում սովորող ուսանողները պարտադիր վերադառնան հայրենիք և որոշակի ժամանակ աշխատեն ի օգուտ հայրենիքի»,- ասաց նա և անհրաժեշտ համարեց լաբարատոր և գիտական հետազոտությոնների համար նախատեսված սարքավորումների վրայից հանել մաքսային վճարները:

«Միավորված հայեր» կուսակցության քաղբյուրոյի նախագահի տեղակալ Հրաչյա Հակոբջանյանն իր խոսքում նշեց, որ իրենց կուսակցությունը կարևորում է կրթական օրենսդրական դաշտի բարելավումը, ինչպես նաև մարզի երիտասարդների հենց իրենց մարզում բարձրագույն որակյալ ուսուցում ստանալու հնարավորությունը: