Երևանում պատահար է գրանցվել վերելակում. կա մեկ տուժած

11:47 • 03.04.12

Ապրիլի 2-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի 8-րդ շենքում պոկվել է վերելակի մետաղաճոպանը, ինչի հետևանքով վերելակն ընկել է ցած: Նախնական տվյալներով` վերելակի մեջ գտնվել է մեկ մարդ:

Արտակարտ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Տեղում պարզվել է, որ «Շեն Դեկոր» խանութի բեռնատար վերելակով շինարարական լաստաններ բարձրացնելիս պատվանդանի դուրս մնացած հատվածը հպվել է վերելակի մուտքի վերին շրջանակին: Դրա հետևանքով լաստանը շրջվել է աշխատակից` 1986 թ. ծնված Տիգրան Աջոյանի ոտքին:

Ժամը 16.11-ին փրկարարները սրունքի կոտրվածք ստացած Տ. Աջոյանին դուրս են բերել վերելակից: Տուժածը տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց: