ԵՊՀ–ում դանակահարվել են երկու մորաքրոջ որդիներ
Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել դանակահարություն, ինչի հետևանքով երկու ուսանողներ տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից: Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել 14:10-ի սահմաններում:
«Հայտնի է, որ 2 հոգի սուր կտրող ծակող գործիքով, կտրած ծակած վերքերով տեղափոխվել են թիվ մեկ համալսարանական հիվանդանոց», - ասաց նա:
Դանակահարվածները, նրա տեղեկացմամբ, մորաքրոջ որդիներ են և սովորում են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Նրանցից մեկը 1990 թվականին ծնված Սարգիս Նազարեթյանն է, մյուսը՝ 1992 թվականին ծնված Գոռ Խաչատրյանը: Մալխասյանը նշեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Թե ովքեր են դանակահարել ուսանողներին, և ինչն է եղել միջադեպի պատճառը, Մալխասյանի խոսքով պարզ չէ, և հանգամանքները ճշտվում են:









