Բաքվում կմեկնարկի Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստը
Քիչ հետո Ադրբեջանի խորհրդարանում՝ Միլի Մեջլիսում, կսկսվի Արևելյան գործընկերության Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որին ուղերձ հղելու համար չի բացառվում, որ ներկա լինի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այս մասին Tert.am–ին տեղեկացրեց Բաքվում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ երեկ նա և «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը հակադարձել էին «Ադրբեջանի 20 տոկոս օկուպացված տարածքների մասին» կրկին բարձրաձայնած արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ ասելով, որ այն, ինչ նա անվանում է «օկուպացիա» միջազգային իրավունքի նորմերով համարվում է ազգերի ինքնորոշման իրավունք:
ԼՂՀ հակամարտության թեմայով հայ-ադրբեջանական այլ բանավեճեր չէին արձանագրվել, և առավոտյան տեղի ունեցած խմբակցությունների նիստերին քննարկվել էին բացառապես օրակարգային հարցեր:
Երեկ ևս ադրբեջանական անվտանգության աշխատակիցները շարունակել են ձեռնարկել անվտանգության միջոցառումներ` նույնիսկ մեկ մետր տեղաշարժի դեպքում ուղեկցելով հայաստանյան պատվիրակության անդամներին:
Hayeli.am կայքը երեկ կեսգիշերից հետո կապ է հաստատել Բաքվում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներից Հովհաննես Սահակյանի հետ, ով նշել է, որ հայաստանյան պատվիրակությանը շրջագայություն չի առաջարկվել, թեև հայերի կողմից «ցանկություն էլ առանձնապես չկա»:
Նա ասել է, որ լրատվամիջոցների հետ ազատ շփում հայ պատգամավորների համար նախատեսված չէ, թեև այդ առումով էլ հայ պատվիրակներն առանձնապես ցանկություն չունեն:









