Ֆրանսիայի փոխարինումը Մինսկի խմբում բացառվում է. Ֆյուլե
Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բացառել է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի փոխարինումը. տեղեկացնում է 1news.az-ը:
Նա նշել է, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին:
«Մենք աջակցում ենք Մինսկի խմբին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և դա ամրագրված է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի փաստաթղթերով: Ոչ մի փոփոխության մասին խոսք լինել չի կարող», - ասել է նա:
Հակամարտության կարգավորմանը մասին Ֆյուլեն ասել է, որ խնդիրը եղել է իր և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման առանցքում:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն առավելագույն ջանքեր է ներդնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման համար: Նա նշել է, որ ԵՄ-ն կողմերի դատին փաթեթ կներկայացնի` ուղղված կողմերի միջև վստահության մթնոլորտի ավելացմանը:









