Հայաստան ներկրվող գազի գինը չի բարձրացել. Շուշան Սարդարյան

16:57 • 03.04.12

Հայաստան ներկրվող գազի գինը չի բարձրացել և արժի 180 ԱՄՆ դոլար՝ 1000 մետր խորանարդ մետրի, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության լրատվական ծառայության պետ Շուշան Սարդարյանը, մեկնաբանելով լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, ըստ որոնց, գազի գին առաջիկայում կթանկանա:

«Նման բան չկա։ Այդ լուրերը, որ շրջանառվում են գազի գնի թանկացման համար, չեն համապատասխանում իրականությանը։ Մենք ինչ գնով գնում ենք գազը, այդպես էլ կշարունակենք ձեռք բերել: Պետք է նշեմ, որ գազի գնի մասին լուրերին անդրադարձել է և՛ ՀՀ Էներգետիկայի նախարարը, և՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը»,- ասաց Շուշան Սարդարյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու է ՀՀ պետեկամուտների կոմիտեում նշվում, որ Հայաստան ներկրվող գազը նախորդ տարվա վերջին երեք ամիսններին ձեռք է բերվել 209 դոլարով՝ 180-ի փոխարեն, Շուշան Սարդարյանն ասաց, որ ինքը չի կարող մեկնաբանել ՊԵԿ-ի տվյալները:

«Ես չեմ ցանկանում մեկնաբանել ՊԵԿ-ի հրապարակած տվյալները, սակայն պետք է նշեմ, որ Հայաստան ներկրվող գազի գնի մեջ փոփոխություն չկա և իմ կարծիքով եթե լիներ փոփոխություն, կլիներ մինչ օրս»,- ասաց Շ.Սարդարյանը:
Շուշան Սարդարյանը նշեց նաև, որ գոյություն ունի գների աստիճանական փոփոխության գրաֆիկ, սակայն գների փոփոխություն դեռևս չկա:

Գազի գնի թանկացման մասին լուրերը, ըստ մամուլի հրապարակումների, իշխանությունները չեն հայտարարում, քանի որ առաջիկայում ընտրություններ են, իսկ ընտրություններից հետո գազի գինը պաշտոնապես կթանկանա: