Անհավասար քաղաքական պայքարը ընտրություններից առաջ մտահոգիչ է. «Ընտրությունը քոնն է» ՀԿ

12:45 • 03.04.12

Քաղաքական ուժերի համար քարոզարշավային անհավասար մեկնարկային պայմանները` տարբեր բարեգործությունների իրականացման, ինչպես նաև ոչ պաշտոնական քարոզարշավում տարբեր մակարդակի պաշտոնատար անձանց ներգրավման միջոցով, արդեն իսկ մտահոգիչ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության լրատվական ծառայության ղեկավար Հասմիկ Սարգսյանը՝ ներկայացնելով «Ընտրությունը» քոնն է ՀԿ-ի պաշտոնական զեկույցը:

«Ընտրողների թվի կտրուկ ավելացմամբ մենք նույնպես ունենք մտահոգություն, սակայն գտնում ենք, որ պետք է սպառիչ պատասխան տան պատկան մարմինները: Մտահոգիչ է նաև անցած ընտրություններից ժառանգված հասարակական անվստահությունը քաղաքական գործընթացների, կուսակցությունների, թեկնածուների և ընդհանուր առմամբ, ընտրությունների ինստիտուտի հանդեպ»,-ասաց Հասմիկ Սարգսյանը:

«Ընտրությունը քոնն է» ՀԿ նախագահ Հարություն Համբարձումյանն էլ նշեց, որ իրենց կազմակերպությունը յուրաքանչյուր ընտրատարածքում ունի 82 երկարատև դիտորդներ, ովքեր այժմ զբաղված են ուսումնասիրություններ անելով:
«Բարեգործությունների հետ կապված մենք նշում ենք ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի անունները: Եղել են դեպքեր, որ փոշեկուլներ են առաջարկել: Այդ ամենը ես ինքս, որպես Հարություն Համբարձումյան չեմ դիտում որպես բարեգործություն, այլ ես ինքս դա դիտում եմ որպես ընտրակաշառք»,-ասաց Հարություն Համբարձումյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու կազմակերպությունը չի դիմում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հայտնելով իր մտահոգությունները, Հարություն Համբարձումյանն ասաց, որ դեռ իրենք պաշտոնական ասուլիս կհրավիրեն, և դիտորդների ուսումնասիրություններից հետո կդիմեն ԿԸՀ:

Հարություն Համբարձումյանը իր խոսքի վերջում նշեց, որ իրենց տվյալներով շատ տեղերում կան մահացած մարդկանց անուններ, կան մարդիկ, ովքեր ցուցակներում առհասարակ ընդգրկված չեն: Վերջինս նաև նշեց, որ կան բնակելի շենքեր, որնք հասցեագրված չեն, և պարզ չէ, թե այդ անհասցե շենքերից որտեղ են ընտրելու բնակիչները:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու հայտ են ներկայացրել 9 կուսակցություններ և 100-ից ավելի անհատներ`մեծամասնական և համամասնական ընտրակարգով մասնակցելու համար: Գալիք ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ից, սակայն մինչ այժմ ըստ որոշ քաղաքագետների արդեն իսկ մեկնարկել է քարոզարշավը, ինչպես նաև մամուլի հրապարակումների համաձայն տարբեր քաղաքական ուժեր արդեն իսկ բարեգործություններ են անում: