Ռուսաստանն ավելի է մտահոգված Հայաստանի հետ կապերը սերտացնելով, քան Արևմուտքը

12:54 • 03.04.12

Այսօր Ռուսաստանն ավելի մտահոգված է Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելով, քան Արևմուտքը, նման համոզմունք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ըստ քաղաքագետի՝ երեկ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հնչեցրած քննադատական ելույթը  ցույց է տալիս, որ ԱՄՆ–ը բավական ուշադիր է հետևում Հայաստանում ծավալվող բոլոր զարգացումներին, նույնիսկ աննշան երևացող գործընթացները:

Քաղաքագետի գնահատականով՝ արդարություն այդ քննադատության մեջ կա: «Մի կողմից իշխանությունները հայտարարում են արդար ընտրություններ անցկանել, իսկ մյուս կողմից ընդդիմությունը առանց փաստեր ներկայացնելու նշում է, որ նման բան չի լինելու և անվստահության տրամադրություններ է քարոզում»,-ասաց նա և նկատեց, որ ԱՄՆ դեսպանի ելույթն ուղղված էր նրան, որպեսզի հայտարարություններից դուրս գան և իրական գործունեությամբ ապացուցեն երկուստեք պատրաստակամությունը արդար ընտրությունների վերաբերյալ:


Հրանտ Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ քննադատական այս ուղղվածությունը պետք չէ կապել Ռուսաստանի հետ դիրքերի պարզաբանմամբ:

«Այսօր նման մտահոգություններ ավելի շատ կան Ռուսաստանում, քան Արևմուտքում: Մի կողմից կա Ռուսաստանի հետ ռազմական համագործակցություն և մյուս կողմից էլ Արևմուքտի հետ քաղաքական ակտիվ շփումներ, որը բավական հաջող իրականացվում է»,- ասաց նա և ավելացրեց, որ այս առումով Միացյալ Նահանգներում անհանգստություն չկա: