Կրպակների ապամոնտաժումը տեղի չունեցավ (տեսանյութ)
Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժումը, որը պետք է տեղի ունենար այսօր՝ ժամը 13:00-ին, այդպես էլ չկայացավ: Tert.am-ի հետ զրույցում բնապահպան ակտիվիստները «ապամոնտաժման բրիգադի»՝ այգի չժամանելը չէին կարողանում մեկնաբանել:
Նշենք, որ «ապամոնտաժող բրիգադն» ու բնապահպանները հայտարարություն էին տարածել, որ այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 13:00-ին իրենք սկսելու են ապամոնտաժել կրպակները, եթե պատկան մարմիններից չստանան պատասխան:
Մաշտոցի այգում այսօր, ժամը 17:00-ին, նշանակված է հավաք, որին ըստ բնապահպանների, մասնակցելու են նաև «ապամոնտաժող բրիգադի» անդամները:
Ճիշտ է՝ ապամոնտաժումը տեղի չունեցավ, սակայն այգում կրկին հերթապահում էին մեծ թվով ոստիկաններ՝ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ:
Նշենք նաև, որ այս պահին այգում տիրում է բարձր տրամադրություն, ակցիայի մասնակիցներից ոմանք խաղեր են խաղում, երգեր երգում և այլն:
Հիշեցնենք, որ երեկ ապամոտաժման նախաձեռնող խումբը նամակ էր գրել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով, որ Մաշտոցի Պուրակում կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց ապրիլի 1-ին միանում է ևս ութ ակտիվիստ։
«Մաշտոցի Պուրակում ինքնակամ կառուցված շինությունների դեմ երիտասարդության պայքարը գնալով ավելի է կարևորվում մեր հանրության կողմից: Պետական իշխանության մարմինների անզօրությունը վերացնել ստեղծված անօրինական դրությունը առաջացնում է Երևանի համայնքի բազմաթիվ անդամների արդար և ողջամիտ դժգոհությունը»,– ասվում էր նամակում:









