Լիբիայի արևմուտքում ծանր զինատեսակների կիրառմամբ մարտեր են ընթանում
Լիբիայի արևմուտքում՝ Զուարա քաղաքի մոտակայքում (Տրիպոլիից 120 կմ դեպի արևմուտք), այսօր ծանր զինատեսակների գործածությամբ արյունալի մարտեր են շարունակվել զինված խմբավորումների միջև, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Գործակալությունը հաղորդում է, որ գերազանցապես բերբերներով բնակեցված քաղաքի աշխարհազորայինները` ծանր ռազմատեխնիկայի գործածությամբ, փոխհրաձգության մեջ են մտել շրջակա` Էլ-Ջումեյլ և Ռեֆդալին գյուղերի զինված ջոկատների հետ, բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Միևնույն ժամանակ երկրի իշխանությունների կողմից մարտերը դադարեցնելու և զինադադար հաստատելու ջանքերը անհաջողության են մատնվել:
Զուարան քաղաք է, որը ռազմավարական նշանակություն ունեցող Տրիպոլին Թունիսի հետ կապող մայրուղու վրա է գտնվում. այս քաղաքի միջոցով է սնուցվում Լիբիայի մայրաքաղաքը:
Խիստ լարված է Լիբիայի հարավում տիրող իրավիճակը, որտեղ գտնվող Սեբխա քաղաքում ցեղախմբերի միջև տեղի ունեցող բախումների հետևանքով անցած շաբաթվա ընթացքում մոտ 150 մարդ է զոհվել և 400-ը վիրավորվել:









