Մեդվեդևը ստորագրել է ԱՊՀ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը

13:32 • 03.04.12

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է «Ազատ գոտու ստեղծման պայմանագրի վավերացման մասին» դաշնային օրենքը, որը մարտի 20-ին ընդունվել էր Պետդումայի կողմից և մարտի 28-ին հավանության արժանացել Դաշնային խորհրդի կողմից, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Այս օրենքով վավերացվում է 2011թ.-ի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ ութ երկրների կողմից ստորագրված Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը: Հիշեցնենք, որ այն ստորագրել էին Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանն ու Ուկրաինան:

Պայմանագիրն ԱՊՀ տարածքում ազատ առևտրի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ է ապահովում և Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի հիման վրա բարենպաստ պայմաններ ստեղծում` հետագա ինտեգրման խորացման համար: