Ենթադրում եմ որ նրան նոր «կռիշ» է հարկավոր. Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Սամվել Ալեքսանյանին

18:58 • 03.04.12

Նիկոլ Փաշինյանի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, վերջինս լրագրողների խնդրանքով մեկնաբանել է yerkir.am-ին Սամվել Ալեքսանյանի ասածները.

- Պարոն Փաշինյան, Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե ընտրություններում հաղթելու է, «Փարվանայում» էլ քեֆ է անելու, ու քանի որ դուք լավ եք խոսում, ձեզ էլ թամադա է դնելու: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

- Ես հասկանում եմ թեկուզ մի քանի ժամով իմ ղեկավարության ներքո գտնվելու Սամվել Ալեքսանյանի ցանկությունը, բայց կարծում եմ նա պետք է յոլա գնա Սերժիկ-Սաշիկի, Սամվել Նիկոյանի կլասի մարդկանց ընկերակցությամբ: Ես Սամվել Ալեքսանյանին սպասում եմ հեռուստաբանավեճի սեղանի շուրջ, և այդ բանավեճի արդյունքում թող մարդիկ որոշեն, թե ով, ում, որտեղ դրեց:

- Ալեքսանյանը պնդում է նաև, որ լավ հարաբերություններ ունի ձեզ հետ:

- Ենթադրում եմ, որ նրա հարաբերությունները Սերժի հետ վատացել են ու նրան նոր «կռիշ» է հարկավոր: Ալեքսանյանին խորհուրդ եմ տալիս կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի օրենքների հետ, որովհետև ինքը գիտի, որ ինձ հետ չի կարող «հարաբերություններ կարգավորել»:

Հիշեցնենք, այսօրվա համարում «Երկիր» օրաթերթը հրապարակել էր Սամվել Ալեքսանյանի հարցազրույցը, որտեղ պատգամավորը հայտարարել էր, որ Փաշինյանին իրեն մրցակից չի համարում։ Իսկ հարցազրույցի վերջում էլ պատասխանելով հաղթանակի համոզվածության մասին հարցին՝ ասել էր. «Հաղթելու եմ, Փարվանայում էլ քեֆ եմ անելու, Նիկոլին էլ կանչելու եմ քեֆի ու քանի որ լավ ա խոսում, իրան թամադա եմ դնելու»: