ԱԺ ընտրություններին հետևելու համար գրանցվել է 15 տեղական և մեկ միջազգային կազմակերպություն
Մայիսի 6-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն այս պահի դրությամբ հայտնել է 15 տեղական և մեկ միջազգային կազմակերպություն:
Ընդհանուր առմամաբ Աժ ընտրություններին այս պահի դրությայմբ ներկա կլինի 12.817 դիտորդ, որոնից 12.778-ը տեղական, իսկ 39–ը՝ միջազգային կազմակերպություններից:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցուցակի` այս պահի դրությամբ ընտրություններին ամենաշատ դիտորդներով ներկայացված կլինի «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ն՝ իր 3334 դիտորդով, իսկ ամենաքիչը «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» ՀԿ-ն՝ ընդամենը 5 դիտորդ:
Մյուս 13 կազմակերպություններն են՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ՝ 27 դիտորդ, «Բռունցք» ՀԿ՝ 1246 դիտորդ, «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՝ 1207 դիտորդ:
«Համաչափ զարգացում համայնքային զարգացման» և «Երիտասարդ դիվանագետների ակումբ» ՀԿ-ները ներկայացված կլինեն համապատասխանաբար՝ 1028 և 1535 դիտորդներով:
«Իրավակիրթ հասարակություն»-ը ներկայացրել է՝ 585 դիտորդ, «Հիմնաքար»-ը՝ 884 դիտորդ, «Հաղթանակի զավակներ»՝ 1173 դիտորդ, «Շենացնենք մեր գյուղը»՝ 1623 դիտորդ:
Իսկ «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության», «Ընտրական համակարգեր կենտրոն» և Հայաստանի «Աթուռ» ասորական ասոցիացիա ՀԿ-ները կներկայանան՝ 71, 27 և 11 դիտորդներով, իսկ «Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության և խաղաղության երիտասարդական ակումբ»ը՝ 22 դիտորդով:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը միակն է դեռևս, որ ցանկություն է հայտնել դիտորդական առքելություն իրականացնել ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչը պատրաստվում է անել 39 դիտորդով:
Հիշեցնենք, որ, ըստ ԱԺ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի, դիտորդների հավատարմագրումը կիրականացվի կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կկատարվեն մինչև ապրիլի 26-ը ներառյալ:









