Բնապահպանները Թեղուտի հարցով բաց նամակ են հղել ԵԱՀԿ երևանյան գրասենյակին

11:38 • 03.04.12

Բնապահպան ակտիվիստները Թեղուտի հանքավայրի հարցով բաց նամակ են ուղարկել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Երևանի գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինին։

Նամակում ասվում է, որ չնայած երկար տարիներ Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացվող բարեփոխման ծրագրերին` վերջին շրջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող անօրինականություններն ու բռնությունները անհրաժեշտություն են առաջացրել, որպեսզի ԵԱՀԿ գրասենյակի կողմից լավ կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների և ներդրված ֆինանսական միջոցների արդյունավետությունը վերագնահատվի:

«ԵԱՀԿ-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկի` շրջակա միջավայրին վերաբերող հիմնախնդիրների շարքում հատկապես մտահոգիչ է Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես ձևակերպել է Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն` Հայաստանը ձախողել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Թեղուտի հիմնախնդրի շուրջ ժողովրդավարական կառավարման մեխանիզմների, Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման կատարյալ ձախողումը շարունակվում է մինչ օրս»,– ասվում է նամակում:

«Մեծարգո դեսպան, ակնկալում ենք, որ Դուք առավել հետևողական կլինեք Հայաստանում ԵԱՀԿ-ի իրականացրած ծրագրերի արդյունավետությունն ապահովելու համար` նպատակ ունենալով կենսագործել ԵԱՀԿ մանդատից բխող առաքելությունը` ժողովրդավարական կառավարման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության և շրջակա միջավայրի պահպանության գործում»,– նշում են ակտիվիստները:

Նամակն ստորագրել են «Թեղուտի պաշտպանության», «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություննները և «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը։