Ինչո՞վ են զբաղված ԱԺ մտնել հավակնող քաղաքական ուժերը քարոզարշավի նախօրեին
Քաղաքական ինը ուժերն այս օրերին Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկին նախապատրաստվելու աշխատանքների մեջ են։ Ինչպես հայտնի է, քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 8–ին։ Tert.am–ը զրուցել է ընտրական մարաթոնի մեջ մտած հայաստանյան ինը քաղաքական ուժերի հետ՝ պարզելու, թե ինչպես են նրանք պատրաստվում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։
Իշխող՝ «Հանրապետական» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցությունը շատ հաղթական է տրամադրված քարոզարշավին, որի մեկնարկը ՀՀԿ–ն կտա ապրիլի 9–ին։ «Մենք արդեն կուսակցության նախընտրական ծրագիրն ենք հաստատել, բուկլետներն ենք տպել, պաստառների հետ կապված աշխատանքներն ենք տանում»,– հայտարարեց Շարմազանովը։ Tert.am–ի հարցին, թե ինչպես կբնութագրեք Ձեր կողմից տարվելիք քարոզարշավը, ՀՀԿ խոսնակը նշեց. «Որպես ֆավորիտ ուժ՝ բնականաբար հաղթական, ուժեղ, ժողովրդավարական խաղի կանոններին համապատասխան քարոզարշավ»։
«Հիմա կազմակերպչական աշխատանքներն ենք կատարում։ Այցելություններ ենք ունենալու ամբողջ մարզերում՝ այդ երթուղիներն ենք հստակեցնում, ինչպես նաև աշխատանքներ ենք տանում մեծամասնականի թեկնածուների քարոզարշավը լավ կազմակերպելու համար»,– մեզ հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը՝ ավելացնելով, որ կուսակցության գրեթե բոլոր գրասենյակներն արդեն բացել են։ Խուրշուդյանի խոսքով՝ այս օրերին իրենք ևս զբաղված են քարոզչական բուկլետների, ցուցապաստառների տպագրությամբ։ «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» դաշինքի քարոզարշավը, խոսնակի խոսքով, կլինի «պրոակտիվ և հաղթական»։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը այս օրերին զբաղված է նախընտրական տեսահոլովակների նկարահանմամբ, որոնք պետք է հեռարձակվեն հեռուստատեսությամբ։ Tert.am–ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ ավելացնելով, որ իրենք նախատեսում նաև այցելություններ կատարել մարզեր։ «Մեր հնարավորությունների մաքսիմում սահմաններում», կոմկուսի առաջին քարտուղարի ձևակերպմամբ այսպիսին է լինելու իրենց կուսակցության քարոզարշավը։
«Նախապատրաստական բոլոր աշխատանքները ավարտված են։ Ամսի 9–ին քարոզարշավի մեկնարկը կտանք մեր նախընտրական ծրագրի շնորհանդեսով, իսկ հաջորդ օրը՝ կրկին խոշոր միջոցառում ենք նախատեսում Ազատության հրապարակում»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ քարոզչության պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը։ Նրա խոսքով՝ Դաշնակցությունը նախատեսում է նաև քարոզչությունների օրերին այցելություններ իրականացնել մարզեր։
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք այս պահին բոլոր անհրաժեշտ քարոզչանյութերն են պատրաստում, այդ թվում հեռուստատեսության համար անհրաժեշտ տեսահոլովակները։ «Այսինքն՝ բոլոր այն քարոզչական գործիքները, որոնք կիրառվում են քարոզչության ժամանակ։
«Այս պահին քարոզչության նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են, կազմվում են մարզեր կատարելիք այցերի գրաֆիկները, ինչպես նաև պատրաստվում ենք ներկայացնել մեր նախընտրական ծրագիրը, որի շնորհանդեսը կլինի ապրիլի 8–ին»,– Tert.am–ին հայտնեց ՕԵԿ մամուլի նորանշանակ խոսնակ Հարություն Ամիրյանը։
«Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը նշեց, որ իրենք ևս այս պահին պատրաստվում են իրենց թերթի, կայքերի միջոցով քարոզչանյութեր տարածել, ներկայացնել իրենց ծրագիրը։ Ավագյանի խոսքով՝ իրենք նախատեսում են նաև բացել 11 շտաբեր։ «Նաև բուկլետներ ենք պատրաստում։ Միտինգային կոնցեպցիան չենք ընդունում, քանի որ, ինչպես գիտեք, մենք մտավորական ենք և ճիշտ չենք համարում մարդկանց աշխատանքից կտրել և բերել փողոց»,– նշեց Ավագյանը։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության լրատվական ծառայության ղեկավար Ռուբեն Բախշյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ևս ակտիվորեն մասնակցելու են քարոզարշավին: «Բուկլետները, ծրագրերը, ցուցապաստառներ ենք պատրաստում և այն ամենը, ինչն օգտագործվում է ընտրությունների ժամանակ: Նաև հանդիպումների գրաֆիկներն ենք կազմում»,- նշեց Բախշյանը: Մեր հարցին, թե ինչպիսին է լինելու իրենց քարոզարշավը, լրատվական ծառայության ղեկավարն արձագանքեց. «Մենք քարոզարշավը տանելու ենք առանց որևէ մեկին սևացնելու: Մենք ունենք մեր գաղափարախոսությունը և փորձելու ենք դա ներկայացնել մեր ընտրողներին: Հուսով ենք՝ այս անգամ մեր հույսերը կարդարանան, այսինքն` մենք կանցնենք խորհրդարան»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասով տեղեկություններ չկարողացանք ճշտել։ ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանը Tert.am–ին հայտնեց, որ իրենց կուսակցությունում քարոզչության պատասխանատուն Նաիրա Զոհրաբյանն է, որն էլ այժմ Բաքվում է և նրա հետ կարող ենք խոսել վերադարձից հետո։









