Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում

18:31 • 03.04.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2012 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով պարբերաբար շրջայցեր է կատարում մայրաքաղաքի վարչական շրջաններ: Այս համատեքստում հերթականը Էրեբունի վարչական շրջանն էր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։

Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է բակերում, հանգստի գոտիներում, այգիներում և պուրակներում իրականացվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքերին, զրուցել բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկները և նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին:

Արցախի 8 հասցեի բակում քաղաքապետի այցելության պահին եզրաքարերի նորոգման աշխատանքներ էին ընթանում:

Ամբողջությամբ բարեկարգվում և կանաչապատվում են նաև Գուրգեն Մահարի 39 և Ազատամարտիկների 76 շենքերի բակերը: Այստեղ կտեղադրվեն նոր զրուցարաններ և նստարաններ, իսկ փոքրիկների համար կկառուցվեն խաղահրապարակներ: Ի դեպ, բոլոր բակերի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին, ընդգծելով, որ բակերի բարեկարգումն իրապես առաջնահերթ խնդիր է և վստահեցրել են, որ խնամքով կվերաբերեն իրենց բակերին: Տարոն Մարգարյանն էլ խոստացել է բակերի բարեկարգման ավարտից հետո կրկին այցելել ու բնակիչների հետ կատարել դրանց պաշտոնական բացումը: Վարչական շրջանի պատասխանատուներն էլ զեկուցել են, որ տարվող աշխատանքների ընթացքը մշտական հսկողության տակ է և վստահեցրել են, որ դրանք կավարտվեն սահմանված ժամկետում:

Բարեկարգմանը զուգահեռ վարչական շրջանում նաև ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում: Քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգվող Նոր Արեշ 44 փողոցում կատարվող աշխատանքներին տեղում հետևել է նաև Տարոն Մարգարյանն ու համոզվել, որ դրանք ընթանում են լայն թափով և, որ կարևոր է, ավելի քան 30 տարի նորոգման կարիք ունեցող այս փողոցի բնակիչները ևս գոհ են աշխատանքից:

Քաղաքապետն այցելել է նաև վարչական շրջանի Մանկական այգի, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս այգու բարեկարգման խոստումը Տարոն Մարգարյանը տվել էր բնակիչներին նախորդ տարեվերջին այստեղ կազմակերպված ծառատունկի ժամանակ: Ըստ այդմ ամբողջությամբ փոխվում, արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը, բարեկարգվում և կանաչապատվում է այգու ողջ տարածքը: Ծրագրի համաձայն, այգին կունենա նաև ոռոգման նոր համակարգ:

«Այս այգին, ըստ էության, Էրեբունու բնակիչների ամենասիրված հանգստի գոտիներից մեկն է: Մոտ մեկ ամսից կավարտենք աշխատանքներն ու այգին կհանձնենք մեր բնակիչներին»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում այս տարվա շին բարեկարգման ծրագրերը հիմնականում ուղղվել են հենց այդ նպատակին:

Քաղաքապետի պահանջն այս հարցում հստակ է. աշխատել մեկ ընտանիքի նման և բարեկարգել ու գեղեցկացնել մեր մայրաքաղաքը. «Ամեն տարի մենք ավելացնում ենք բարեկարգվող բակային տարածքների թիվը: Եվս մի քանի տարի և բարեկարգ կլինեն մայրաքաղաքի բոլոր բակերը: Միայն այս տարվա ընթացքում ամեն վարչական շրջանում նախատեսել են բարեկարգել 20-30 բակ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մասնավորապես կարևորել է բնակիչների բարձրացրած հարցերին ականջալուր լինելն ու դրանց արագ արձագանքելը:

Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ սրտացավ և հետևողական աշխատանքի արդյունքում բոլոր հարցերը լուծում կստանան և հաջորդ այցելությանն արդեն վարչական շրջանում պատկերը ավելի լավը կլինի: