ՀԿ–ն քաղաքական ուժերին կներկայացնի կրթական բարեփոխումների փաթեթ
ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները և 2012թ-ի խորհրդարանական ընտրություններին առաջադրված կուսակցությունների ծրագրերն այդ ոլորտում պարզելու համար «Հանուն գիտության և կրթության» հասարակական կազմակերպությունն այսօր կազմակերպել էր կլոր սեղան։
Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական կուսակցության, Ժառանգություն», «Միավորված հայեր» կուսակցությունների և Հայ ազգային դաշին ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչներ։
ՀԿ–ի նախագահ Մերի Ալեքսանյանը ներկաներին տեղեկացրեց, որ կազմակերպությունը հարցումներ է անցկացրել ուսանողների և դասախոսների շրջանում, որոնք բարձրացրել են իրենց հուզող միանգամից մի քանի հարց:
Պարզվել է, որ դասախոսներին և ուսանողներին հուզում է բուհական դասագրքերի արդիականացումը, կրթաթոշակների բարձրացումը, ուսման վճարների կրճատումը, բուհ-աշխատաշուկա կապի սերտացումը, հատուկ կարիքներով մարդկանց համար բուհական կրթության մատչելիության ապահովումը և այլ հարցեր:
Քննարկումը կազմակերպվել էր «Քվեարկիր հանուն մատչելի և որակյալ կրթության» ծրագրի շրջանակներում, որի ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրին այն բոլոր փոփոխությունները, որոնք պատրաստվում են իրականացնել խորհրդարան անցնելուց հետո:
Բոլոր փոփոխությունները վերաբերում էին Հայաստանում բարձրագույն կրթության բարելավմանը, պետության կողմից համապատասխան աջակցությանը:
Ծրագրի նպատակն է մշակել և կուսակցություններին ներկայացնել ՀՀ-ում բարձրագույն կրթության որակի բարձրացմանը և մատչելիության ապահովմանն ուղղված առաջարկությունների փաթեթ:









