Reuters գործակալության՝ Թեհրանի բյուրոյի աշխատանքը անորոշ ժամանակով դադարեցված է

01:41 • 03.04.12

Reuters գործակալության Թեհրանի բյուրոյի աշխատանքը անորոշ ժամանակով դադարեցված է: Այս մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությանը հաղորդել է Իրանի մշակույթի նախարարության արտասահմանյան ԶԼՄ-ների վերսհսկման բաժնի պետ Մոհամեդ Ջավադ Աղաջարին:

«Որոշումը ընդունվել է այն բանից հետո, երբ գործակալության լրագրողների կողմից ստեղծված ֆիլմում, իրանական որոշ մարզուհիներ, որոնք նինջութսու մարզաձևով են զբաղվում, մարդասպան էին անվանվել: Reuters-ի թեհրանյան բյուրոյի աշխատանքը դադարեցված է մինչև այդ խնդրի ամբողջական հետաքննությունը», - նշել է Աղաջարին:

Նա նաև ավելացրել է, որ գործակալության ռեպորտաժը չափազանց ժխտական տպավորություն է թողել, ակնարկելով, որ Իրանում մարդասպանների և ահաբեկիչների են պատրաստում:

«Նման նյութերով, Reuters-ը ցույց տվեց իր` հասարակական կարծիքը կառավարելու ցանկությունը», - ասել է Աղաջարին:
Իրանական ԶԼՄ-ների տվյալներով, Reuters-ը դեռևս ներողություն չի խնդրել այն բանի համար, որ իր նյութում նինձյա կանայք Իրանի գաղտնի մարդասպաններ են անվանվել:

Կին նինձյաները նաև մտադիր են դատարան Reuters-ի դեմ հայտ ներկայացնել՝ գործակալությանը մեղադրելով մարզուհիներին «իրանական մարդասպաններ» անվանելու համար: Աղջիկները մտավախություններ ունեն, որ հիմա նրանք կարող են միջազգային մրցույթներին մասնակցելու հարցում խնդիրներ ունենալ: