Ժիրայր Սեֆիլյանը բացատրում է, թե ինչու այսօր Մաշտոցի պուրակում չէր
«Սարդարապատ»« նախաձեռնության անդամներ Ժիրայր Սեֆիլյանը և Տիգրան Խզմալյանն այսօր Մաշտոցի պուրակ չէին գնացել և չէին մասնակցել ապամոնտաժման որևէ գործողության քանի որ նրանք նման բան նախապես չէին հայտարարել, այս մասին Tert.am–ի հետ զրույցում պարզաբանեց ինքը՝ Սեֆիլյանը։
Ժիրայր Սեֆիլյանն առաջարկում է այգի չգալու մասին հարցն ուղղել նրանց, ովքեր հայտարարել էին, որ այսօր տեղի է ունենալու ապամոնտաժում:
«Բազազին (Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյան) պետք է հարցնես։ Այդ նույն հարցը ինքն էլ է տալիս»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
«Որքան գիտեմ հայտարարությունը, որ երեկ տարածվել է, այնտեղ խոսք է գնում այն մասին, որ այսօր ժամը 13-ին լրանում է ինչ-որ ժամկետ, բայց չի ասվել, որ ժամը 13-ին ապամոնտաժելու են կրպակները»,- մեկնաբանեց Սեֆիլյանը:
Նշենք, որ բազմաթիվ լրատվամիջոցներ երեկ տարածված հայտարարությունից եկել էին այն եզրակացության, որ այսօր ժամը 13-ին տեղի է ունենալու ապամոնտաժում, քանի որ բազմաթիվ լրատվական կայքեր տեղեկացնում են, որ ապրիլի 3-ի կեսօրին նախատեսված ապամոնտաժումը տեղի չունեցավ, որովհետև ապամոնտաժող բրիգադը Մաշտոցի պուրակ այդպես էլ չժամանեց:
Ժիրայր Սեֆիլյանը նաև ասաց, որ ապամոնտաժող բրիգադը որոշում կկայացնի և իր գործողությունների մասին կտեղեկացնի, իսկ Սեֆիլյանը այդ խմբում չկա. նա աջակցող է:
Հարցին, թե արդյոք նա չի կարծում, որ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքը կարող է հակադարձել իրեն՝ դաշինքին անվճռականության մեջ մեղադրելու հայտարարությունների համար, Սեֆիլյանն ասաց. «Ընթացքը ցույց կտա՝ ով վճռական է, ով՝ ոչ»:









