«ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վարորդը դիմել է փախուստի (լուսանկարներ)

01:23 • 03.04.12

Այսօր՝ ապրիլի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 00.05-ի սահմաններում «ՎԱԶ 2109» մակնիշի 67 ՏՕ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ «Վուլկան» խաղատան դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Վրաերթից հետո վարորդը, թողնելով
 գետնին ընկած վիրավորներին անօգնական վիճակում, ինչպես նաև դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան, դիմել է փախուստի:

Դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության բրիգադը վիրավորներին տեղափոխել է «Էրեբունի» և «Մալաթիա» բժշկական կենտրոններ:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները:

Տեղում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ պարզելու վրաերթի ենթարկված անձանց ինքնությունը և հայտնաբերելու փախուստի դիմած վարորդին:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի