Սփիլբերգի հիմնադրամը կարխիվացնի Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները

11:08 • 03.04.12

Աշխարհահռչակ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հիմնած «Շոա» հիմնադրամ-ինստիտուտը կթվայնացնի և կարխիվացնի Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց վկայությունները: Ծրագիրը կիրականացվի Հարավային Կալիֆորնիայի հայկական ուսումնասիրությունների խորհրդի հետ համատեղ:

«Այս վկայությունները կան, քանի որ վերապրածները ցանկացել են պատմել աշխարհին, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ: Այդ ձայներն ու նկարները ոչ միայն ապացուցում են տեղի ունեցած վայրագությունները, այլև ցույց են տալիս, թե մարդկության դեմ նման հանցագործություններն ինչպիսի անհանդուրժողականություն են ծնում, երբ մնում են անպատիժ», - ասել է «Շոա» հիմնադրամի գործադիր տնօրեն Սթիվեն Սմիթը:

1994 թ.-ին Սթիվեն Սփիլբերգի կողմից ստեղծված հիմնադրամը թվայնացրել է հրեական Հոլոքոստը վերապրածների ավելի քան 52 հազ վկայություն:

Հիմնադրամն այժմ աշխատանքներ է սկսել Մայքլ Հակոբյանի հետ 400 ֆիլմ թվանյացնելու համար:

Ռեժիսոր Կառլա Կարապետյանը, ով աշխատել է Հակոբյանի հետ, կարևորել է նախաձեռնությունը, ասելով, որ դա հնարավորություն կտա աշխարհի տարբեր համալսարաններում ուսումնասիրել Ցեղասպանության փաստը:

«Սա առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության մասին հարցազրույցները հասանելի կլինեն, և աշխարհի տարբեր համալսարաններ հնարավորություն կունենան օգտվել դրանցից: Դա կարևոր է հանրությանը ցույց տալու վերապրողների և վկաների պատմությունները: Ցեղասպանությունը հասկանալու համար, պետք է համեմատենք դրանք, և միայն այդ ճանապարհով մենք կկարողանանք կանխել դրանք» , -ասել է նա:

2010 թ-ին` մահից մեկ ամիս առաջ, Daily News-ի հետ հարցազրույցում Մայքլ Հակոբյանը նշել էր, որ իր ֆիլմերի որոշ հատվածներում ահռելի ապացույցներ կան այն մասին, թե ինչ է կատարվել իրականում Օսմանյան կայսրությունում:

Մայքլ Հակոբյանի ֆիլմերի թվայնացման պրոցեսը կավարտվի երկու տարվա ընթացքում տեղեկացրել է Հարավային Կալիֆորնիայի հայկական ուսումնասիրությունների խորհուրդի ղեկավար Ջերրի Փափազյանը:

«Այս նախագիծը ցույց կտա, թե ով ենք մենք և ինչ է կատարվել մեր նախնիների հետ: Մեր կարգախոսը հետևյալն է` թույլ չտալ, որ նրանց ձայները մոռացվեն», - ասել է նա:

«Շոա» հիմնադրամ-ինստիտուտը նաեւ աշխատում է արխիվացնել Ռուանդայի, Կամբոջայի եւ Բոսնիայի ջարդերի վկայությունները:

Սփիլբերգի հիմնադրամը կարխիվացնի Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները