Նարիշկինների առանձնատանը բանվորները փորձել են առևանգել գտած գանձը (տեսանյութ, լուսանկարներ)
Պետերբուրգում Նարիշկինների առանձնատանը վերականգնողական աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության բանվորները նախապես հայտնաբերված գանձերով սենյակի թանկարժեք իրերի մի մասը փորձել են թաքցնել և շինտեղամասից դուրս հանել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Գանձերի մի մասը փորձել են գողանալ մարտի 27-ի երեկոյան, սակայն այդ մասին տեղեկությունները հայտնվել են միայն այսօր:
Բանվորները Նարիշկինների զինանշանով 3 ոսկեպատ սկուտեղ և արծաթե սպասքի հավաքածուն թաքցրել են աղբի պարկերի մեջ՝ դրանք հետագայում շենքից հանելու նպատակով: Անվտանգության ծառայության շենքը հսկող աշխատակիցները ժամանակին կանխել են գողության փորձը և ձերբակալել գողության փորձ կատարած անձանց:
Իրավապահ մարմինները կրկին ստուգումներ են անցկացնում առանձնատանը. հնարավոր է, որ դարի խոշորագույն գտածո համարվող գանձի որոշ իրեր թաքցվել են:
Հիշեցնենք, որ գաղտնարանը հայտնաբերվել էր վերականգնվող շինության տանիքի տակ գտնվող սենյակում: Նախնական տվյալներով, հայտնաբերվել էր 40 պարկ գանձ, որոնցում, բացի արծաթյա սպասքից, գտել են թանկարժեք զարդեր, դեկորատիվ իրեր, Ռուսական կայսրության մեդալներ և շքանշաններ: Շատ իրեր փաթեթավորված են եղել 1917թ. թերթերի մեջ:
























