Բաքուն Իսրայելին ռազմաբազա չի տրամադրելու. ԱՄՆ Պետդեպը հերքում է
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը հերքել է լուրերն այն մասին, թե Իրանի հետ հակամարտող Իսրայելն իրավունք է ստացել օգտագործել Ադրբեջանի ռազմաբազաները:
Մեկնաբանելով լուրերը` ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության պետ Վիկտորիա Նուլանդը լրագրողներին հայտնել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:
«Ես չեմ տիրապետում որևէ տեղեկության, որն ասվածի մասին վկայող փաստացի հիմք ունենա»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Foreign Policy-ի էլեկտրոնային տարբերակը նախորդ շաբաթ հաղորդագրություն էր տեղադրել, համաձայն որի` Բաքուն թույլատրել է Իսրայելին օգտվել իր ռազմաբազաներից` Իրանին հարված հասցնելու համար:
Օրերս Թեհրան այցի ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հայտնել էր, որ իր երկիրը թույլ չի տա, որպեսզի իր տարածքն օգտագործվի հարևան Իրանի դեմ:









