Ահարոն Ադիբեկյանն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը ներողություն կխնդրի

13:13 • 04.04.12

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ անչափ վրդովված է օրեր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությունից, թե Հայաստանում 12%-ն է հավատում արդար ընտրությունների և հույս հայտնեց, որ դեսպանը կամ ներողություն կխնդրի, կամ էլ կպատժի նրանց, ովքեր իրեն տրամադրել են այդ տեղեկությունը:

«Մենք շիզոֆրենիկ չենք, մենք նորմալ ազգ ենք: Կամ հարվածի տակ են դրել դեսպանին կամ նա տեղյակ չէ: Ակնկալում ենք, որ Հեֆերնը ներողություն կխնդրի կամ կպատժի նրանց, ովքեր նման տեղեկություն են տվել»,- ասաց Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նշեց, որ իր համար հատկապես զարմանալի էր, որ Հեֆերնի հայտարարությանը ոչ ոք պատասխան չտվեց: «Զարմանում եմ, որ այս հայտատրությունը ոչ մի ադեկվատ պատասխան չի գտել, և ստացվում է, որ պատկանում ենք շիզոֆրենիկ ազգին և գնում ենք ընտրություններրի»,- նշեց նա:

Ադիբեկյանը լրագրողներին ներկայացրեց անցած շաբաթ և կիրակի ՀՀ տարածում 1650 չափահասների շրջանում անցկացված հարցումների տվյալները, որոնց համաձայն ընտրողների 40%-ը հավատում է, որ կլինեն արդար ընտրություններ: Քառասուն տոկոսից 10.6%–ն է հավատում, որ կլինի արդար ընտրություններ, բայց ոչ եվրոպական մակարդակի, 27,3%–ը կարծում է, որ կլինեն նախկինի պես թեթև խախտումներով: Աննախադեպ բարձր մակարդակով ընտրությունների անցկացմանը հավատում է հարցվածների 2.1%–ը:

Հարցվածների 29.9%–ը կարծում է, որ կլինեն նախկինի պես լուրջ խախտումներով ընտրություններ:

Ադիբեկյանը նշեց, որ վիրավորված է հայ ժողովրդի համար և ամենավատն այն է, որ ոչ ոք չի պատասխանել դեսպանի հայտարարությանը: «Մենք նորմալ ազգ ենք, թող Հեֆերնը հանգիստ լինի»,- ասաց նա: