Հայ խոհարարները որոշել են ամրագրել հայկական խոհանոցը
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» և «Սերունդ հայապահպան միավորում» հասարակական կազմակերպությունները ձևավորել աշխատանքային խումբ, որ կզբաղվի հայակական մշակութային արժեքների վերհանմամբ, նրանց մասին ուսումասիրությունների կատարմամբ, հրապարակմամբ և մասսայականացմամբ:
Այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին այս մասին տեղեկացնելով՝ կազմակերպությունները նշեցին, որ աշխատանքային խումբը պատրաստ է համագործակցել բոլոր այն կառույցների և անհատների հետ, ովքեր շահագրգռված են հայկական մշակութային արժեքների պահպանման հարցում:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» նախագահ Սեդրակ Մամուլյանը իր խոսքում նշեց, որ ի տարբերություն մեր հարևանների, մեր խոհանոցն ամրագրված չէ:
«Թեև մենք ունենք այս ոլորտի մի քանի մասնագետներ, բայց բանահավաքություն չի իրականացվել: Մեր տատիկների մոտ գանձեր են պահված: Դրանք հավաքել է պետք: Հիմա արդեն տատիկից թոռնիկ չի փոխանցվում խոհանոցային գաղտնիքներն ու հմտությունները: Մեր երիտասարդները հետաքրքրված չեն խոհանոցով»,- ասաց նա և ավելացրեց, որ մեր հարևանները հաջողությամբ յուրացնում են մեր արժեքները:
Սեդրակ Մամուլյանը նաև նշեց, որ ձևավորված աշխատանքային խումբը ցանկանում է վերականգնել հայկական խոհանոցը որպես մշակույթի ոչ նյութական արժեք և ճանաչելի դարձնել հայերի համար:
«Հարիսան ճանաչվեց որպես թուրքական ուտեստ: Եվ մեր հարևանները սկսել են իրենց ազգը ավելի ներկայանալի դարձնելու համար ոտնձգություններ իրականացնել մեր արժեքների նկատմամբ: Հենց դրա համար հարկավոր է կազմակերպված աշխատել՝ մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունը ամրագրելու համար»,– նշեց նա:
Այս պահին աշխատանքային խումբը դեռ ձևավորման փուլում է և վերջնական ձևավորումից անմիջապես հետո կորոշվի առաջիկա անելիքները:









