Ասադը մարդասպան է և պետք է կանգնի Հաագայի դատարանի առաջ. Սարկոզի

16:46 • 04.04.12

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իրեն մարդասպանի նման է պահում, ինչի համար պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առաջ:

«Մենք պետք է բացենք հումանիտար միջանցքները: Այդ նպատակով պետք է հանվեն Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ու Չինաստանի վետոները (2 երկրները վետո են դրել սիրիական բանաձևի նախագծի վրա, որը, ամենից զատ, պահանջում է նախագահի հրաժարականը-Tert.am)», - Europe-1 ռադիոյի եթերում հայտարարել է Սարկոզին:

Նա նշել է, որ ֆրանսիական բանակը չի կարող միջամտել երկրում առկա իրավիճակին` առանց ԱԽ-ի հավանության:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները սկսել են Դամասկոսին ուղղված նախագծի քննարկումները: Փաստաթղթով սիրիական իշխանություններից պահանջվում է դադարեցնել ռազմական գործողությունները մինչև նախատեսված ժամկետը` ապրիլի 10-ը, իսկ սիրիական ընդդիմությունից` զենքը վայր դնել 48- ժամվա ընթացքում:

Եթե կրակը չդադարեցվի նշված ժամկետում, ապա «ԱԽ-ն կդիտարկի այլ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման հարցը»: