Անմեղսունակ ճանաչվելն «ուղղկի նվաստացում» է ինձ համար. Բրեյվիկ

16:22 • 04.04.12

Անցյալ Տարի Նորվեգիայում երկու ահաբեկչությունների հեղինակ Անդերս Բրեյվիկը բաց նամակ է հղել երկրի լրատվամիջոցներին, որում իրեն խելագար հռչակելը «ուղղակի նվաստացում» է համարում, գրում է «Վերդենսգանգ» պարբերականը:

«Ինձ խելագար հռչակելը ամենավատ բան է, ինչ կարող է պատահել. ինձ համար դա ուղղակի ստորացուցիչ է», - գրել է Բրեյվիկը:

Նրա խոսքերով՝ ինքը մտադիր է անել ամեն ինչ, որպեսզի դատարանը նրան հոգեպես առողջ ճանաչի և դատի ահաբեկչություն իրագործելու համար:

Ինչպես նշում է պարբերականը` 38 էջանոց նամակը Բրեյվիկը գրել է ի պատասխան հոգեբույժների զեկույցին, ովքեր մեղադրյալին խելագար են ճանաչել: Բրեյվիկը պնդում է, որ հոգեբույժների զեկույցում գտել է առնվազն 200 սխալ և, որ լիովին գիտակցում էր հուլիսի 22-ի իր գործողությունները:

Վերջին հոգեբուժական փորձաքննության արդյունքները պետք է հրապարակվեն ապրիլի 10 - ին: Նշենք, որ թերթը խնդրել է երեք անկախ փորձագետների վերանայել Բրեյվիկի նամակը և կարծիք հայտնել նամակի հեղինակի հոգեկան վիճակի մասին:

Հիշեցնենք, որ Բրեյվիկի դատը տեղի է ունենալու ապրիլի 16-ին: