Երևանում կանցկացվի բնապահպանական համաժողով

09:29 • 04.04.12

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը ապրիլի 10-ին Երևանում կանցկացնի բնապահպանական համաժողով, որի նպատակն է ևս մեկ անգամ հանրությանը ներկայացնել Հայաստանում բնապահպանական ամենահրատապ խնդիրները և առաջարկել իրավիճակից դուրս գալու իրատեսական լուծումներ:

Որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ նախաձեռնությունն առաջարկում է նաև դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձևավորման և հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման և երկրի տնտեսության բնական զարգացման համար:

«Վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի է հասել բնության ավերումը և բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում «օրինական» և ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը «հարստանում է» տարբեր աղտոտիչներով և այլն:Այսպես այլևս չի կարող շարունակվել և անհրաժեշտ է բնապահպանության ոլորտում իրականացնել համակարգային, հիմնարար փոփոխություններ»,– ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

Համաժողովի թեմաները, ըստ հաղորդագրության, ընտրվել են ներկայիս ամենահրատապ և ճգնաժամային իրավիճակում գտնվող ոլորտները՝հանքարդյունաբերություն, քաղաքաշինություն, անտառներ, ջրերի աղտոտում և կենսաբազմազանություն. հատուկ պահպանվող տարածքներ: