Կոսովոյում կոռուպցիայի դեմ գլխավոր պայքարողը ձերբակալվել է կաշառք վերցնելու համար

10:35 • 04.04.12

Կաշառք վերցնելու և ծառայողական լիազորությունները չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է Կոսովոյի կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ Նազմի Մուստաֆին, հայտնում է Reuters-ը:

Վարչության պետի հետ ձերբակալվել է ևս մեկ մարդ, ում անվան ու գործունեության մասին ոչինչ չի հաղորդվում:

Գլխավոր դատախազ Իսմեթ Կաբաշին, մեկնաբանելով ձերբակալությունը, հայտարարել է, որ կատարվածը «խախտում է Կոսովոյի ողջ իրավական համակարգը»:

«Ենթադրում եմ, որ նույն անձի կողմից կատարվել են այլ նմանատիպ արարքներ: Խնդրում եմ նման տեղեկությունների տիրապետող անձանց օգնել մեզ», - ասել է դատախազը:

Կոսովոյի լրատվամիջոցների համաձայն` Մուստաֆին կաշառք է վերցրել այն մարդկանցից, որոնց նկատմամբ իր գլխավորած գերատեսչությունը հետաքննություն է անցկացրել: Գումարները պետին են փոխանցվել միջնորդների կողմից: