Սերժ Սարգսյանն ընդունել է Կիպրոսի արտգործնախարարին

16:46 • 04.04.12

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին:

Ըստ նախագահական գրասենյակի հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում կարևորել է պարբերական դարձած տարբեր մակարդակի փոխայցելությունները:

Նա նշել է, որ մեծ հաճույքով է հիշում անցյալ տարի Կիպրոս կատարած իր պետական, այնուհետ աշխատանքային այցերը և դրանց շրջանակներում Նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ ունեցած հանդիպումներն ու բովանդակալից քննարկումները:

«Մենք Կիպրոսը դիտում ենք որպես բարեկամ պետություն, կիպրացիներին՝ որպես մեր եղբայր: Եվ դա պատմականորեն ձևավորված մոտեցում է, որի վրա էլ այսօր մենք խորացնում ենք մեր երկկողմ հարաբերությունները: Հայաստանը խորապես շահագրգռված է այդ հարաբերություններն օր-օրի ամրապնդել: Ոչ միայն անցյալում, այլ նաև ներկայում մենք ունենք բազմաթիվ հետաքրքրություններ և մեծ աշխատանք ունենք կատարելու: Մենք պատրաստ ենք այդ աշխատանքն իրականացնելու»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը և Կիպրոսի արտգործնախարարն ընդգծել են, որ հայ-կիպրական բարեկամությունը խարսխված է շատ ընդհանրություններ ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։

Էրատո Կոզակու-Մարկուլիսն ասել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան, և նա շատ տպավորված է: «Այս ընթացքում ունեցած հանդիպումներից բացի, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Շատ հուզված եմ այն ամենով, ինչ տեսա և լսեցի: Մեր երկու ժողովուրդներն էլ պատմության ընթացքում անցել են մեծ ողբերգությունների ու փորձությունների միջով»,- ասել է նա՝ ընդգծելով, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործությունն ստանա միջազգային ճանաչում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի բարեկամ ժողովրդին և իշխանություններին՝ կիպրահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը և Կիպրոսի արտգործնախարարը Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունները կարևորել են ոչ միայն երկկողմ, այլև եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից: