Ֆրանսիացի քաղաքագետը մահացած է հայտնաբերվել Նյու Յորքի հյուրանոցային համարում
Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ռիշար Դեսքենը մահացած է հայտնաբերվել Նյու Յորքի հյուրանոցային մի համարում, հայտնում է Reuters-ը:
53-ամյա քաղաքագետը երեքշաբթի առավոտյան պետք է մասնակցեր Կոլումբիական համալսարանում նախատեսված համաժողովին: Նկատելով քաղաքագետի բացակայությունը` նրա գործընկերները հյուրանոցի աշխատակիցներին խնդրել են ստուգել համարը, որտեղ էլ հայտնաբերվել է նրա դին:
Նյու Յորքի ոստիկանությունը «կասկածելի» է համարում Դեսքուենի մահը: Հաղորդվում է, որ մահացածի դին հայտնաբերվել է մերկ վիճակում, իսկ հյուրանոցային համարը եղել է թափթփված: Ոստիկանության տվյալներով` նա համարում մենակ չի եղել: Նաև հաստատվել է, որ համարում ներկաներն ալկոհոլ են օգտագործել:
Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը համարվում է Ֆրանսիայի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկը, որտեղ ուսանել են քաղաքական ու տնտեսական էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիայի 2 նախագահ:
Դեսքենը քաղաքական հետազոտությունների ինստիտուտից բացի, նաև գլխավորել է Քաղաքական գիտությունների ազգային հիմնադրամը:









